Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
INTERNATIONAL NEWSՄոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին եւ եզրակացություններ կանի Վաշինգթոնի հետ հարաբերությունների ողջ կոմպլեքսի վերաբերյալ, այս մասին Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդերահման ալ-Թանիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հրապարակել էր Ռուսաստանից եւ Չինաստանից զինված ուժերի հետ կապված 103 ընկերությունների ցուցակը, որոնք արտահանման սահմանափակումների ենթակա կլինեն: Ցանկում ներառված են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, ավիացիոն, տիեզերական եւ այլ ոլորտների խոշոր ձեռնարկություններ:
«Ինչ վերաբերում է ամերիկյան նոր պատժամիջոցների մասին հարցին, որոնք սահմանվել են Ռուսաստանի եւ Չինաստանից ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, ապա դա մեզ համար զարմանալի չէ. իհարկե, պատասխան կհաջորդի եւ` ոչ միայն հայելիության կամ սիմետրիայի մասով, բայց մենք լրացուցիչ եզրակացություններ կանենք, որոնք կվերաբերեն ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակին»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ նոր պատժամիջոցները ռուսական ընկերությունների դեմ, ասել է, որ Վաշինգտոնի գործողությունները մրցակիցներին թուլացնելու փորձ է:
«Վաշինգթոնի այս գործողություններն արտացոլում են Միացյալ Նահանգների ռազմավարական գիծը` մրցակիցներին համաշխարհային շուկաներում թուլացնելու, անբարեխիղճ մրցակցության մեթոդներ ներդնելու համար, Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների կոպտագույն խախտմամբ»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսին: