Մեկ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի վարակի ավելի քան 470 000 դեպք է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWS
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 81,94 միլիոնը՝ 24 ժամում ավելանալով ավելի քան 470 000-ով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված տվյալների համաձայն, մահվան ելքով դեպքերի թիվն աճել է ավելի քան 9900-ով՝ գերազանցելով 1,8 միլիոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 81 947 503 վարակվածի եւ 1 808 041 մահացածի մասին: Վարակվածների թիվն աճել է 470 046-ով, մահացածներինը՝ 9921-ով:
ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում պետությունների կողմից տրամադրված վարակի եւ մահվան դեպքերի վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկատվությունը:
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ին հաղորդված վարակների ավելի քան 55%-ը բաժին է ընկել Եվրոպայի տարածաշրջանին (262 223), երկրորդ տեղում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան (118 056), եւ երրորդ տեղում՝ Հարավարեւելյան Ասիան (31 372):
Վարակվածության հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 19 376 790: Նրան հաջորդում են Հնդկաստանը (10 286 709), Բրազիլիան (7 619 200), Ռուսաստանը (3 186 336), Ֆրանսիան (2 576 420), Մեծ Բրիտանիան (2488 784), Իտալիան (2 107 166), Իսպանիան (1 893 502), Գերմանիան (1 742 661), Կոլումբիան (1 626 461), Արգենտինան (1 613 928) եւ Մեքսիկան (1 413 935):