Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եղել է, երբ սոված եմ քնել». Մհեր Բաղդասարյանը՝ ԱՄՆ–ում իր դժվարությունների, առանց գումարի մնալու, 8 տարվա ընթացում ոչ մի անգամ Հայաստան չգալու պատճառի և Անի Քոչարի հետ հաշտվելու մասին

LIFE

Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը 8 տարի է՝ բնակվում է ԱՄՆ–ում, որտեղ 2 տարի առաջ մեկնարկեց իր հեղինակային հաղորդումը՝ «Տետատետը»։ Լսարանի առաջ հայտնի մարդկանց կյանքի հետաքրքիր դրվագներ բացող Մհերի կյանքն էլ հեշտ չի եղել հաղորդավարն իր պատմությունը ֆիլմի է նմանեցնումԱՄՆ մեկնելուց հետո նա էլ հեշտ ճանապարհ չի անցել, սակայն այդ մասին խոսելիս փորձում է իրավիճակը չդրամատիկացնել՝ նկատելով, որ յուրաքանչյուրի էմիգրանտի ճանապարհ է անցնում սոված օրերի միջով։

Տարիների ընթացքում հեռուստադիտողների աչքի առաջ փոխվեց Մհերի կերպարը՝ սուր հարցեր տվող լրագրողից մինչև զրուցակցին խնայող, հասկացող ու կարեկցող։ Այս ամենը, իհարկե, ուղեկցվել է նրա անձնային փոփոխություններով։

Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Մհերի հետ։ Նա բացահայտել է, թե ինչ պայմաններ է ապահովում հյուրերի համար, որպեսզի նրանք դրական տրամադրվեն զրույցին ու իրենց աստղ զգան։

Հաղորդավարի հետ խոսել ենք նաև այս տարիների ընթացքում ոչ մի անգամ Հայաստան չգալու մասին։


–Մհեր, քո հաղորդման՝ «Տետատետի» վերջին թողարկումներն էականորեն տարբերվում են քո նախորդ հարցազրույցներից։ Փոխվել է նաև լրագրողական քո կերպարը, որին դեռ կանդրադառնանք։ Սա պայմանավորված է քո ներկայիս տրամադրությամբ ու ոգեշնչվածությամբ, թե՞ այլ պատճառ կա։

–Դա բացառապես պայմանավորված է իմ տրամադրությամբ, որովհետև ինչ–որ շրջանում բոլորս վերաարժևորեցինք մեր կյանքում ամեն բան։ Հասկացանք, որ կեղծ սկանդալներն այնքան կարևոր չեն, որքան կարևոր է մարդը։ Ժուռնալիստիկայի մեջ կարծիք կարելի է ձևավորել ոչ միայն խոսքով, այլև հայացքով, փաստերի դասավորությամբ, ընտրված երաժշտությամբ։ Ինձ համար նպատակային էր այս փուլում առաջ բերել մարդուն և գնահատական չտալ, ճիշտ ու սխալ չանել։

Բացի այդ, պատահական ստացվեց, որ ես մեկը մյուսի հետևից գտա մարդկանց, որոնք մոռացված էին, բայց բավականին ջերմ էմոցիաներ էին առաջացնում լսարանի մոտ։ Այդ մարդիկ իրենց նորից աստղ զգացին, ինչն ինձ համար շատ կարևոր է։ ԱՄՆ–ում մեկը հացթուխ է աշխատում, մյուսն աման է լվանում, բայց ես այնպես եմ անում, որ իրենք այդ օրն իրենց աստղ զգան․ ուղարկում եմ դիմահարդարման, վարսահարդարման, մեքենա եմ ուղարկում իրենց հետևից։ Երևի, դա էլ է նպաստում, որ մտերմիկ միջավայրում զրույցը  սկսենք։ Իրենք վերածնված են գնում հաղորդումից։ Ես դրանից ինձ լավ եմ զգում։ Նախկինում չէի մտածում այս մասին, մտածում էի լավ մատերիալ ստանալ, հիմա ուզում եմ նաև իրենք իրենց լավ զգան։

–Ժամանակին դու ամենասկանդալային լրագրող–հաղորդավարներից էիր, որը չէր խնայում մարդկանց։ «Տետատետի» թողարկումներից մեկի ժամանակ պատմեցիր, որ լինում է ինֆորմացիա, որը չես հրապարակում ու նկատեցիր, որ այդքան էլ «հեռուստատականք» չես։ Որքանո՞վ է քեզ համար անձնային պահանջ դարձել փոխել կերպարիդ հանրային ընկալումը։

–Եթե խոսեմ վերամբարձ ոճով, կարող եմ ասել՝ այո, ես վերաարժևորեցի ամեն ինչ, բայց իրականում կա նաև սրա աշխատանքային մասը՝ այսօր Youtube–ում մարդիկ չեն ուզում նայել  սկանդալներ։ Եթե համաշխարհային, ռուսական վիճակագրությունը նայենք, մարդիկ ուզում են կամ հուզվել, կամ ծիծաղել։ Սկանդալներն այլևս այն ուժը չունեն, քանի որ բոլորը շատ հասանելի են դարձել, հանրային հետաքրքրությունն էլ  զրոյացել է արտիստների հանդեպ․ եթե հիմա ինչ–որ մեկը հետույքը բացի, սկանդալը կտևի մի քանի ժամ, իսկ մենք հիշում ենք դեպքերը, երբ սկանդալը շատ երկար էր տևում։

–Այնուամենայնիվ, քո էմոցիան ու տեսակն ինչքանո՞վ են փոխվել։

–Իմ մեջ մնացել է լրագրողը, որը գնում է դեպի էքսկլյուզիվ։ Վերջերս մտածում էի՝ ինչու ամերիկացիներն ունեն սեռական ոտնձգության մասին հարցազրույցներ, մենք՝ ոչ, թեև գիտենք, որ դա կա մեր շուկայում։ Զանգեցի նախագծի համապրոդյուսեր Արա Կազարյանին, ասացի՝ զանգեմ այսինչ մարդուն (անունը նշել չեմ ուզում) ու հարցնեմ՝ կցանկանա՞ խոսել այդ մասին, բայց հետո մտածեցի՝ լավ, մեղկ է։

Երևի, ինչ–որ բաներ փոխվել են իմ մեջ։ Մենք նման ենք այն ամենին ինչ արտադրում ենք։

Ես փոքր տարիքից եղել եմ 0 էմոցիայով մարդ։ Դա գուցե կոմպլեքսների կամ հակառակը առանձնահատկությունների հետ էր կարպված։ Չգիտեմ։ Տանը, դրսում ինձ մոտ ամեն ինչ ուղղակի պետք է ճիշտ լիներ։ Հիմա շատ էմոցիոնալ եմ դարձել և այլևս չեմ մտածում՝ ինչպես են մարդիկ ընկալում էմոցիաներս։ Ամեն ինչ որքան պարզ ու մարդկային լինի, այնքան հետաքրքիր։

–Ինքդ քո կյանքը բնորոշում ես որպես դրամա ԱՄՆ մեկնելուց հետո՞ ես էմոցիոնալ դարձել։

–Այո։ Կարծում եմ՝ բոլորիս կյանքն է դրամա։

–ԱՄՆ–ում դու այլ աշխատանքով չես զբաղվել, բայց տրամաբանական է, որ 0-ից սկսելը հեշտ չէ։ Հայաստանում դու արդեն կայացել էիր, աշխատանք ունեիր։ Ի՞նչ ճանապարհ ես անցել այդտեղ։

–Ես այդտեղ ունեի իմ երազանքի աշխատանքը։ Աշխատում էի, իմ կարծիքով, լավագույն հայկական հեռուստաալիքում։ Իմ ու Արփի Գաբրիելյանի հաղորդումը՝ «Pop հանրագիտարանը»–ը, այդ ձևաչափում և ժամային գոտում ամենաբարձր վարկանիշն ուներ։ Ես նաև PM Publishing House-ի կրեատիվ տնօրենն էի։ Այդ տարիքում ավելի լավ լինել չէր կարող։ Աշխատանքային առումով ինձ անհանգստացնող ոչինչ չկար։ Տրամաբանություն չկար, թե ինչու թողեցի, եկա այստեղ, այստեղ նաև հեռանկար չկար։ Սկզբում դժվար էր, բայց, բարեբախտաբար, հետո այստեղ բացվեց Panarmenian TV-ն, քանի որ ես իմ հեռուստատեսային առաջին քայլերն իրենց հետ եմ սկսել, այլ կերպ չէր կարող լինել, քան իրենց հետ աշխատելը։

Չգիտեմ, ես նախորդ կյանքում ինչ լավ բան եմ արել, որ մի օր անգամ չաշխատեմ այլ մասնագիտությամբ։

–Բաց ես տեղյակ եմ, որ փորձել ես որպես բանվոր ընդունվել ծաղկի սրահում աշխատելու, այլ բան է, որ չի ստացվել։ Այդ օրը նույնիսկ համարում ես վատագույնը կյանքումդ։

–Դա կինոյի պես էր․ եթե ֆիլմում տեսնեի, կմտածեի՝ սցենարիստը չափն անցել է։

Ես առաջին կուրսից աշխատել եմ, չեմ սիրել ինչ–որ մեկից կախված լինել։ Այստեղ միջոցներս արդեն սպառվել էին, պիտի աշխատեի, ընկերներիցս մեկն ասաց, որ ծաղկի խանութ կա, որտեղ կարող եմ աշխատել։ Փետրվարի 14-ն էր՝ Վալենտինի տոնը, գնացի աշխատանքի ընդունվելու։ Այդ օրն առաջին ու վերջին անգամ ավտոբուս նստեցի ԱՄՆ–ում։ Նույնիսկ չգիտեի, թե այստեղ ինչպես են կանգնեցնում ավտոբուսը, ուղղությունը, արդյունքում հակառակ ուղղությամբ էի նստել։ Ի վերջո, հասա ծաղկի սրահ, որտեղ 40 րոպե ինձ ասում էին՝ հիմա կմոտենանք ու չէին մոտենում։ Մոտ 3 անգամ դիմելուց հետո դուրս  եկա․․․ Գուցե դա սովորական պատմություն է, ես եմ հուզական ներկայացնում, բայց ինձ համար ամեն ինչ շատ վատ էր։ Այդ վերաբերմունքն ազդել էր ինձ վրա։

Հենց նույն օրն ինձ զանգեց այստեղի ամենահայտնի հայ պրոդյուսերներից մեկն ու առաջարկեց աշխատել ԱՄՆ–ում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխության համար, ստացա ավանս, որից հետո արդեն ընդունվեցի հեռուստատեսություն։

Ես էլ եմ ունեցել օրեր, երբ գումարս հաշված է եղել, գիտեի, որ այդ օրը հաց ուտելու համար ունեմ, օրինակ, 10 դոլար ու դա բաշխում էի մի քանի անգամ ուտելու համար։ Եղել է, երբ սոված եմ քնել, բայց քանի որ էմիգրանտների 90 տոկոսն անցել է դրա միջով, ինձ իրավունք չեմ վերապահում դրանից տրագեդիա սարքելու։

–Մի բան է, երբ Հայաստանում ապրուստի խնդիր ունեցող մարդն է որոշում բռնել էմիգրացիայի ճանապարհը,  այլ բան է, որբ դա անում է աշխատանքում հաջողակ մարդը։ Ընդ որում՝ մեկնում է ոչ թե աշխատանքային առաջարկով, այլ անորոշությամբ։  Էմիգրացիան բավականին բարդ ճանապարհ է, ԱՄՆ–ում երկնքից մանանա չի թափվում, ինչպես շատերին կարող է թվալ։ Ի՞նչն այստեղ կայացած, աշխատանք ունեցող մարդուն ստիպեց խաչ քաշել այդ ամենի վրա և գնալ 0-ից սկսելու։

–Պատասխանը շատ անձնական է, որի մասին չեմ ուզում խոսել։

–Միշտ նշում ես, որ Ամերիկայում քեզ շատ լավ ես զգում։ Այդտեղ ունես ապրելու իրավունք, այսինքն՝ Հայաստան գալու համար փաստաթղթի խնդիր չունես։ Սակայն մեկնելուցդ 8 տարի է անցել և որևէ անգամ չես վերադարձել Հայաստան։ Ինչո՞ւ։

–Հայաստան չգալս զուտ տեխնիկական հարց է եղել։ Հիմա ես ամեն աշխատանքային օր վարում եմ «Բարի լույս, հայերը» և, ըստ պայմանագրի, ոչ մի օր իրավունք չունեմ եթերում չլինել։ Արձակուրդ ունեմ միայն օգոստոսին, այնպես է ստացվել, որ միշտ այդ արձակուրդը ծնողներիս հետ հանդիպման համար համադրվել է այլ երկրում։

–Ինչո՞ւ ոչ Հայաստանում։

– Այստեղ բոլորս ապրում ենք Հայաստանով։ Ես անում եմ հաղորդում Հայաստանի մասին, Հայաստանի համար, արթնանալիս առաջինը կարդում եմ հայկական լուրերը, ոչ  թե ամերիկյան, շարունակում եմ խոսել միայն հայերեն։ Բայց չգիտեմ ոնց բացատրել․․․ երևի վերադառնալը  պատասխանատու պահ է։ Չեմ կարող այդ հարցին տալ այնպիսի պատասխան, որի մեջ լինի տրամաբանություն։

–Արդյոք ունեցել ես հակասություն հասարակության հետ կամ նեղացածություն։ Դու միշտ նշում ես, որ պահպանողական ես, բայց առաջին հայացքից մենք հայ տղայի այլ կերպարի ենք սովոր, քո կերպարը տարբերվող էր հատկապես այն տարիների համար։

–Հակասություն բացարձակ չկար։ Հայաստանում նկարներ եմ նայում, զարմանում եմ, որ  դա այդտեղ է։ Այն ժամանակ էլ երբևէ որևէ կաշկանդվածություն կամ ընկճվածություն չեմ ունեցել։ Դրա պատճառն էլ չեմ ունեցել, որովհետև ոչ իմ ականջներն էին 3 հատ, ոչ էլ տարօրինակ արտաքին ունեի։ Իսկ եթե տարբերվող էի, շնորհակալ եմ։

–Ոչ միայն դու, այլև հայկական ամբողջ համայնքը ԱՄՆ–ում ապրում եք հայկական իրականությամբ։ Դու ԱՄՆ–ում անում ես հայկական նախագիծ հայկական հեռուստաընկերության համար։ Հասկանում եմ, որ ամերիկյան հեռուստաընկերություն մտնելը հեշտ չէ, չեմ խոսում հայկականից կտրվելու մասին, բայց այդտեղ՝ ավելի լայն հնարավորությունների դաշտում չարժե՞ գոնե փորձել։

–Շատ հետաքրքիր հարց ես տալիս։ Մենք ոչ թե ապրում ենք Հայաստանի իրականությամբ, այլ այնպես, ինչպես ապրում է յուրաքանչյուր հայ։ Չես կարող փոխել քո ազգությունն ու  գենետիկ կոդը։ Մի քանի նման օրինակ կա, բայց դա անընդունելի է քաղաքակիրթ բոլոր մարդկանց համար։

Մի անգամ ինձ հրավիրել էին Լոս Անջելեսի տեղական Emmy awards–ին, որը հեռուստատեսային ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է։ Դա իմ մասնագիտական լավագույն օրն էր։ Բոլոր մրցանակները շահեցին համայնքային հեռուստաալիքներից։ Ես այդ ժամանակ հասկացա, որ ինչ–որ մի տեղ հասնելու քայլերը սկսում են ներքին լսարանից։ Նույնն էլ մեր օրինակների՝ Fox 11 TV-ի Արաքսյա Կարապետյանի, KTLA5-ի Էլինա Աբովյանի դեպքում է, որոնք Լոս Անջելեսում հայտնի հեռուստաանհատներ են։ Բոլորն էլ ընդունվել են համայնքի կողմից, նոր են հետաքրքրություն առաջացրել ամերիկյան մեդիայի համար։

Ամերիկյան մեդիան այսօր այնքան ռասիստական է նայում, թե ում է ընտրում աշխատանքի։ Օրինակ՝ կա լուրերի 4 թողարկում, ամեն ժամին մի ռասսայի ներկայացուցիչ է եթերում, իբրև թե, դա պատահական է, բայց դա հստակ ընտրություն է։ Եթե մեր համայնքն այդքան ակտիվ ու հետաքրքրված չլիներ, այդ հեռուստաալիքները պարտավորված չէին լինի ունենալու Արաքսյա Կարապետյան և Էլինա Աբովյան։ Ճանապարհը համայնքի միջով է, եթե դու ֆանտաստիկ տաղանդ չունես, իսկ ես կարծում եմ՝ գերբնական տաղանդ չունեմ։

–Ամեն դեպքում երազանքդ գնո՞ւմ է դեպի ամերիկյան հեռուստատեսություն։

–Կստեմ, եթե ասեմ՝ ոչ։ Ցանկացած մասնագետ երազում է առավելագույնի մասին, բայց նախկինի պես հեքիաթային չեմ նայում դրան։ Կյանքիս այս շրջանում ինձ շատ ռեալիզացված եմ զգում, բայց իհարկե կուզեի հետո հիշել, որ աշխատել եմ ամերիկյան ինչ–որ ալիքում, թոռներիս ցույց տալ կադրերը։

–Ես ԱՄՆ–ում չեմ եղել, այդտեղի հայկական հեռուստաալիքների մասին պատկերացումս հեռվից է։ Սակայն Հայաստանում խոսելով Ամերիկայի հայկական ալիքների մասին՝ հաճախ ասում են, որ այստեղ շատ ավելի առաջ են նույնիսկ տեխնիկապես։ Ըստ քեզ՝ այդպե՞ս է, թե՞ դա Հայաստանում ձևավորված միֆ է։

–Համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Տեխնիկական առումով այստեղ ավելի առաջ է, իսկ կոնտենտն այն է, ինչ մարդիկ ուզում են սպառել։ Դա առաջին հերթին զանգվածային լրատվամիջոց է, որտեղ  զանգվածային բառը շատ կարևոր է։ Եվ, ի վերջո, մենք չենք կարող համեմատել ինչ–որ նահանգում համայնքային հեռուստաալիքը երկրի հեռուստաալիքի հետ։

–Մի առիթով հենց եթերում ասացիր, որ վատ մեկնաբանություններ չգրեն, միևնույն է,  ջնջելու ես։  Ժամանակին ավելի սուր հարցազրույցներ անող Մհերին մարդիկ էլ ավելի սուր էին ընդունում։ Այժմյան քո կերպարը՝ հասկացող, կարեկցող զրուցակիցը, ավելի ջերմ է ընդունվել։ Նկատեցիր, որ հիմա քեզ  ռեալիսզացված ես զգում։ Լսարանի դրական արձագանքը որքանո՞վ է նպաստել դրան։

–Հիմա էլ են գրում նաև վատ կարծիքներ, բայց քիչ։ Բոլորս՝ լինենք խանութում հաց վաճառող, հայտնի մարդ, թե՝ օդաչու, ուզում ենք լինել սիրված։ Դա շատ բնական ցանկություն է։ Երբ տեսնում եմ, որ մեկնաբանություններն 90 տոկոսով լավն են, ինձ շատ լավ եմ զգում։ Դա մոտիվացնում է։

Հիմա ես էլ եմ բացվել կադրում: Ես նոր եմ կարողացել հասնել նրան, որ իմ աուրան ավելի բաց լինի ու չվախենամ, թե որ հարցից ինչ ենթադրություններ կարող է անել  հեռուստադիտողը, ում դա դուր կգա, ում՝ ոչ։ Ես դրա համար հատուկ բան չեմ կարել, այդպես ստացվել է։ Ես մեծացել եմ, բոլորս փոխվում ենք։ Կարծում եմ, որ այդ անկեղծությունը հիմա ինձ մոտ էլ կա։

–Ինքդ միշտ խոսում ես ԱՄՆ գալու բարդությունների մասին։ Մի անգամ ասացիր՝ երբ գալիս ես ԱՄՆ զբոսնելու, բոլորը կողքիդ են, երբ տեղափոխվում ես ապրելու, բոլորն անհետանում են։ Եղե՞լ է պահ, երբ այդտեղ մենակ ես մնացել, ընկերների, գործընկերների աջակցության պակաս ես ունեցել։

–Ես երևի եզակի մարդկանցից եմ, որն այստեղ նույնիսկ մի բարեկամ չի ունեցել։ Ունեցել եմ  ուղղակի ծանոթներ, հիմա արդեն շատ մտերիմ ընկերներ ունեմ։ Միայնության պահեր, իհարկե, լինում են, երբ օտարության մեջ ես։ Հիասթափություններ, չարդարացված սպասելիքներ եղել են, բայց բոլորս հույսեր ու սպասելիքներ պետք է ունենաք մեզնից։ Այնպես որ, երբ մի քիչ էլ ես հասունանում, հասկանում ես, որ ոչ ոք ոչինչ պարտական չէ քեզ։

–Բոլորը գիտեն, որ քայլերդ սկսել ես «Ես ամսագրով»՝ Անի Քոչարի հետ։ Այն նաև հայտնիություն բերեց ձեզ։ Գաղտնիք չէ նաև, որ եղել է խնդիր, որից հետո դու դուրս ես եկել աշխատանքից։ Վերջերս Անիի հետ ուղիղ եթեր ունեցաք, ինչն ազդարարեց ձեր հաշտության մասին։ Ինչպե՞ս վերսկսվեց ձեր շփումը։

–Կոնֆլիկտն առաջացել էր մեր աշխատակիցներից մեկի հանդեպ անարդար վերաբերմունքի պատճառով․ ես տեսա, որ անարդար են վերաբերում մի աղջկա հետ ու ասացի, որ ես էլ եմ դուրս գալիս աշխատանքից։ Այդ տարիքում բոլորս էլ ավելի էմոցիոնալ ենք ու այդ կոնֆլիկտը շտկելու փորձ ոչ Անին արեց, ոչ էլ ես։ Երբ իմացա, որ Անիի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, մի րոպե անգամ չեմ հիշել այդ կոնֆլիկտը կամ մտածել, ուղղակի զանգել եմ նրան։ Նման դեպքերում  երբեք չես մտածում կոնֆլիկտի, ճղճիմ բաների մասին։ Հակառակը շտապում ես զանգել, եթե հնարավորության կա, հանդիպել այդ մարդուն և ասել, որ ինքը մենակ չէ։ Ես ու ինքը երբեք չենք էլ խոսել այդ կոնֆլիկտի մասին։ Գուցե մենք առաջվա պես սերտ չենք շփվում, բայց Անին իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից է եղել։ Դա շատ կարևոր փուլ էր իմ կյանքում, վստահ եմ, դա փոխադարձ է։

–Հիմա ձեր շփումը պարբերական բնույթ կրո՞ւմ է, թե՞ պարզապես լավ հարաբերություններ ունեք։

–Հա, շփվում ենք, իրար գրում ենք։ Նա իմ հաղորդման՝ «Բարի լույս, հայերի» հյուրն է եղել։ Ինչ–որ հարցեր է ունենում, ինձ գրում է, ես եմ արձագանքում։ Եթե մարդիկ իրար հետ անցել են դժոխքի և կրակի միջով, դա չի կարող զրոյանալ։ Մենք իրար հետ հավատացել ենք մի բանի, որն անհավանական է եղել ու արել ենք միասին։ Մենք «Ես»–ից առաջ ստեղծել ենք փորձնական ամսագիր, որը տարածող ընկերությանը գումար տալու հնարավորություն  չունենալու պատճառով ինքներս տոպրակով բաժանում էինք կրպակներին, թուղթ ու գրիչով գրում էինք՝ քանի օրինակ ենք տվել, կրպակավաճառը ստորագրում էր, վերջում գնում էինք գումարը վերցնելու, երբեմն, նաև չէին տալիս գումարը։ Մենք դա անում էինք տոպրակները ձեռքներիս ոտքով կամ տրանսպորտով։ Դա երբեք որևէ մեկը չի կարող մոռանալ։

Ի դեպ, նշեցիր այդտեղից հայտնի դառնալու մասին, ինձ թվում է՝ մեր ու ամսագրի հաջողության գրավականներից մեկն այն էր, որ չէինք փորձում լինել հայտնի ու չէինք էլ նկատում, որ դառնում ենք հայտնի։ Ես ու Անին  շարունակում էինք երթուղայինով գնալ դասի, երբ «Ես»–ն ամենավաճառվող ամսագիրն էր Հայաստանում։ Մենք չէինք գնում երեկույթների եւ աշխատում էինք առավոտից երեկո։

Այդ ամենն իմ կյանքի մի մասն է՝ իմ ճանապարհի սկիզբը, որը ևս ֆիլմի է նման։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal