Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից կստանան փոխհատուցում` փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
POLITICSԿառավարությունը հաստատեց զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը։ Ըստ նախագծի՝ շահառուները կկարողանան առավել մատչելի պայմաններով օգտվել փոխնակ մոր կամ դոնորական ծառայություններից։
Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար վճարի 100%-ի չափով (ոչ ավելի, քան 5.5 մլն դրամը) և դոնորական ծառայության դեպքում կրկին վճարի 100%-ի չափով (ոչ ավելի, քան 600 հազար դրամը):
Նա նշեց, որ վերջի վերլուծությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց քանի որ ծառայությունները բավականին թանկ են, չեն կարողանում իրականացնել այդ որոշումը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցին անդրադարձել է իր ամանորյա ուղերձի ժամանակ։ «2021 թվականին զոհված զինծառայողների 7-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել, կարծում եմ, որ սա խորհրդանշական արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է»,-ասաց նա։