Գույնզգույն կոնֆետներ՝ նույնիսկ տիեզերագնացների համար. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
M&M շոկոլադե կոնֆետները հանրահայտ են ամբողջ աշխարհում: Ի սկզբանե նրանք ունեին 6 գույն՝ շագանակագույն, դեղին, նարնջագույն, կարմիր, կանաչ և մանուշակագույն։ M&M անվանումը գալիս է է Մարս և Մյուրե անունների սկզբնատառերից։ Իսկ ինչպիսի՞ն է այդ կոնֆետների պատմությունը: ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Նյուպորտ քաղաքի ոչ հարուստ մի ընտանիքում ծնված Ֆրանկլին Մարսը, որն ավելի շատ հայտնի էր որպես Ֆրենկ Մարս, մանուկ հասակում հիվանդացել է պոլիոմելիտով, ինչի պատճառով տղան չի կարողացել քայլել առանց հենակների և չի հաճախել դպրոց: Հիվանդության ժամանակ Ֆրանկլինը խոհանոցում օգնել է մայրիկին վաճառքի համար քաղցրավենիք պատրաստել:
Այդ ժամանակ էլ Ֆրանկլինը որոշում է իր ամբողջ կյանքի զբաղմունքը դարձնել հրուշակագործությունը, և 1902 թվականին՝ 19 տարեկան հասակում, նա սկսում է աշխատել քաղցրավենիքների առևտրի բնագավառում: Հետո 1911 թվականին հիմնում է MarO-Bar ընկերությունը, որը, հետագայում վերանվանվելով, դառնում է Mars Candy Company։ Նա ստեղծում է այնպիսի կոնֆետներ, ինչպես Milky Way-ն ու Snickers-ը։ Մի քանի տարի անց արտադրվում են Тhree Musketeers (Երեք հրացանակիրներ) անվանումով կոնֆետները։ Հետագայում նրա որդին՝ Ֆորեսթն է մուտք գործում ընտանեկան բիզնես, և հայրը նրան ուղարկում է Եվրոպա, որպեսզի ղեկավարի ընկերության գործունեությունը։ Հենց այնտեղ էլ Ֆորեսթը տեսնում է, թե ինչպես են զինվորները Իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ ուտում շոկոլադե կոնֆետներ՝ պատված շաքարի պինդ շերտով։
Ֆորեսթ Մարսը ստեղծում է իր բաղադրատոմսը նման շոկոլադե կոնֆետների համար։ Նա համագործակցության առաջարկ է անում Բրյուս Մյուրիին, և 1941 թվականին M&M շոկոլադե կոնֆետները ներկայացվում են հասարակությանը։ 1942 թվականին այդ շոկոլադի արտադրանքը կազմել է շաբաթական 60 տոննա, իսկ պատերազմի ավարտին արդեն՝ շաբաթական 120 տոննա։ Սկզբնական շրջանում կոնֆետներն ուղարկվել են զինվորներին, իսկ 1946 թվականից այն հասանելի է դարձել բոլորի համար։ 1950 թվականին բոլոր կոնֆետների վրա հայտնվել է արդեն բոլորին հայտնի «М» տառը։ Հաջողությունը շարունակել է ուղեկցել նրանց, ցուցադրվել են կոնֆետները գովազդող հոլովակներ, և կոնֆետները շարունակել են մնալ առաջատար շուկայում։ 1958 թվականին կոնֆետների արտադրությունը հասնում է շաբաթական 500 տոննայի, ինչն արդեն իսկ գերազանց ցուցանիշ է։
Իսկ ահա 1981 թվականին M&M կոնֆետներն ընդգրկվում են նույնիսկ տիեզերագնացների համար նախատեսված սննդակարգում։ 1980-ական թվականներին էլ ընկերությունը մուտք է գործում եվրոպական ու ավստրալական շուկաներ։ Եթե սկզբից M&M-ը միայն գետնանուշով էր, ապա 1988 թվականից արտադրվում են նաև նուշով կոնֆետներ՝ նախատեսված Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատիկի համար, իսկ 1990-ական թվականներից հայտնվել են գետնանուշով ու սերուցքով կոնֆետները, որոնք նախատեսված են երեխաների ու տարբեր տարիքի մարդկանց համար։ 2008 թվականին ընկերությունը սկսում է արտադրել «Պրեմիում M&M» կոնֆետներ՝ 5 տարբեր համերով՝ շոկոլադ-նուշ, անանուխ-շոկոլադ, սուրճ մոկկո, ազնվամորի-նուշ, եռաշերտ շոկոլադ (կաթնային, սև, սպիտակ): Նշենք, որ ներկայումս ընկերության գլխավոր նպատակներից մեկը ցածր կալորիականությամբ կոնֆետներ արտադրելն է։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում