Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որպես մայր՝ չունեմ զգացողություն, որ Արթուրս չկա, սպասում եմ, պետք է գա». սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Արթուրի ընտանիքն անպատասխան հարցեր ունի․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարբեր են պատերազմով անցած տղաների պատմությունները, բայց իրենց մասին բոլոր նյութերը հատվում են կարևոր՝ անսահման ցավի ու աննկարագրելի կարոտի խաչմերուկում: Հյուր էի ադրբեջանցիների՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Արթուր Լոփոյանի տանը: Արթուրի բարի ու անկեղծ հայացքի ներքո էլ ընթացավ մեր զրույցը նրա ծնողների ու ընկերոջ՝ Ռոլանդի հետ: Տիկին Նաիրան ասում է՝ ախր, ինչ պատմեմ ընդամենը 19 տարի ապրած իմ տղայի մասին:

«Մի մեծ աշխարհ, գանձ կորցրեցինք: Մեր տան արևն էր: Այսօր էլի երազումս տեսել եմ»,-արցունքներն է սրբում մայրիկը: Նրա խոսքով, տղան դեռ փոքրուց էր աշխույժ ու չարաճճի, բայց երբեք ուրիշներին չէր վնասի. «Մեկ անգամ են դպրոց կանչել, ուսուցչուհին ասաց՝ վախենում ենք ընկնի, ինքն իրեն վնասի: Երբեք իրենից չեն դժգոհել: Չնայած աշխուժությանը, անսահման ամաչկոտ էր, զուսպ»: Մեծ սեր ուներ զենքերի հանդեպ: Ընկերը հավաստում է՝ միասին «պոլիգոններ» էին գնում, հետաքրքրությունը մեծ էր: Մայրիկն էլ լրացնում է՝ դեռ փոքրուց ասում էր, որ պետք է զինվոր դառնա. «Բարի էր, ընկերասեր, մեծերի նկատմամբ հարգանքով, այնպես չէ, որ մայրն եմ, գովում եմ: Կիսվում էր իր ունեցածով: Ծառայում էր, զանգեցի, հեռախոսն անջատված էր, հետո ասաց՝ զարյադկան նստել էր, հարցրեցի՝ «power bank»-դ ո՞ւր է, թե՝ տղերքը դիրքեր են բարձրացել, իրենց եմ տվել, պետք կգա»,-վերհիշում է տիկին Նաիրան, իսկ ընկերը՝ Ռոլանդը, հավելում. «Ամեն օր միասին էինք, զանգում էր՝ ո՞ւր ես: Ուտելու մի բան էր սարքում ու գալիս: Շատ համով բաներ էր սարքում: Հասնող էր: Չի եղել մի դեպք, որ ասեի՝ Արթո՛ւր ջան, պետք ես, ու կողքս չկանգներ: Բայց որքան էլ զբաղված լիներ, ուր էլ լիներ, եթե Գարիկն ու Նաիրան կանչեին տուն, նույն րոպեին ամեն ինչ կթողներ ու տուն կգնար»,-ասում է Ռոլանդը:

Արթուրին բնութագրելիս աշխատասիրությունն են շեշտում: «Ասում էի՝ քոլեջում ես սովորում, կավարտես, խոհարարության գծով կաշխատես, ամեն աշխատանք մի արա, դրա կարիքը չկա: Պատասխանում էր՝ հաճույքով եմ անում: Եթե իրեն մի բան ասեիր, լսում էր, տղա էր, բայց ամեն հարցում օգնում էր: Տատիկին էր խնամում, գնում դեղերի հետևից, բժշկին դիմավորում ու ճանապարհում: Էլ չեմ ասում փոքր քրոջը խնամելու մասին, ծնված օրվանից Նատալիին կարող էի թողնել իր խնամքին ու գործով ինչ-որ տեղ գնալ, ու ամեն ինչ կաներ՝ կկերակրեր, կխաղար հետը: Երբ քույրիկի ծնվելուն էինք սպասում, իմ հանդեպ էր ուշադիր: Ծնվելուց հետո ամեն օր գալիս էր հիվանդանոց: Մտածում էր՝ բանակից գամ, սա կանեմ, այն կանեմ, բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»:

Ընկերոջ խոսքով էլ՝ չէր սիրում պարապ ու հանգիստ նստել, անընդհատ պետք է մի բանով զբաղվեր. «Արձակուրդ էր եկել, Երկրապահի շտաբում էի, նստարաններն էի ներկում: Եկավ, սկսեց ինքը ներկել: Ասում եմ՝ արձակուրդ ես եկել, գնա տուն, հանգստացի: Չէ, կներկեմ, հետո կգնամ: 44-օրյայից հետո էլ՝ ի՞նչ անեմ, պատերազմ չտարաք, գոնե ասեք, մի գործ անեմ: Երկրապահի բակում բալի, ծիրանի պտղատու ծառեր ունենք: Հավաքել էր բերքն ու ամբողջը տարել վիրավոր զինվորների, մարդկանց տները»: Երբ մեր առաջին հանդիպմանը հայրիկին խնդրեցի պատմել Արթուրի մասին, ասաց՝ չեմ կարող, ո՞նց պատմեմ տղայիս մասին: Երբեք չեմ համակերպվի տղամարդու դողացող ձայնի ու հուզմունքի հետ: Միշտ սովոր ենք այդպիսին կանանց տեսնել, տղամարդկանց ավելի պինդ ենք պատկերացնում, պատերազմը նաև դա փոխեց:

Բայց այս անգամ հայրիկը միացավ զրույցին, հիշեց, թե ինչպես էր որդին դեռ երեխա ժամանակ մի քանի անգամ նույն ձեռքը կոտրել, ինչպես մի անգամ ուղղակի նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել, չնայած որևէ մեկն Արթուրին նվագել չէր սովորեցրել. «Փոքր տարիքից զինվորական շորեր էր հագնում և քայլում սենյակում՝ զինվոր եմ դառնալու: Մինչև զորակոչվելը աշխատում էր, չնայած դրա կարիքը չկար, բայց անընդհատ աշխատում էր: ԴՕՍԱԱՖ-ում էր սովորում, մեկ ամիս էր մնացել, որ վարորդական իրավունք ստանար, փոշմանեց՝ հավես չունեմ մեծ մեքենաներ քշելու: Ու կիսատ թողեց»: 2021 թ.-ի դեկտեմբերին Արթուրը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցնում էր Ճամբարակում: «Սիրով է գնացել, զենքի հետ սեր ուներ, Երկրապահի տղաների հետ հրաձգության պարապմունքների էր գնում: Ու միշտ ասում էր՝ ուզում եմ Ճամբարակում ծառայել»,-վերհիշում է Արթուրի հայրիկը:

Մայրիկը սեպտեմբերի 12-ին էր որդու հետ խոսել, «մինչ այդ էլ անընդհատ զանգում էր»: Գիշերը պատերազմ սկսվեց: Այդ օրվա մղձավանջի մասին արդեն հայրիկն է պատմում: «12-ի լույս 13-ի գիշերն էր, ժամը 00:25-ը, կինս ասաց՝ կռիվ է սկսվել: Ուղևորվեցի Վարդենիս: Ժամը 02:59 ընկերներիս ու տղայիս ընկերոջ հետ, ով պայմանագրային զինծառայող է, կանգնած էի Վարդենիսի դպրոցի բակում: Արթուրը զանգեց՝ պա՛պ, ամեն ինչ նորմալ է, զանգել եմ, որ չանհանգստանաս: Ասացի՝ տղես, դուխդ չգցես, Ռոլանդի հետ Վարդենիսում եմ, զենք ենք վերցնում, բարձրանամ քո մոտ: Արձագանքեց՝ նման բան չանես, ամեն ինչ լավ է, քո հետ կապի դուրս կգամ: Մեր վերջին զրույցն էր: Ես ասեմ երկու հազար, դուք երեք հազար պատկերացրեք, այդքան կամավորականներ կային: Տարբեր տեղերից եկել էին: Ոչ մեկին վերև չէին բարձրացնում, բայց ութ հոգով բարձրացանք: Մեզ ասում էին, որ X պոստը նահանջով եկել, միացել է Y-ին, ու ընկել են շրջափակման մեջ: Առաջարկեցին բարձրանալ Z պոստը, որ հասկանանք, թե ինչ ենք անում: Բայց երեք պոստերն էլ ռմբակոծության և հակառակորդի տիրապետության տակ են եղել: Չհասած Վերին Շորժայի տարածք՝ մեզ Ճամբարակի զինվորները դիմավորեցին իրենց հրամանատարներով: Հարցրեցին՝ ո՞ւր եք գնում առանց զենքի՝ նկատի ունենալով ավելի ծանր զենքեր: Մեր ուղղությամբ փամփուշտներ չեն կրակվել, միայն սնարյադ էր գալիս: Ասացին՝ մի բարձրացեք, պոստերը չկան, տղերքի 90 տոկոսը զոհվել է, 10 տոկոսն էլ գերի է: Այդ դիրքից 8 հոգի գերի է ընկել, 26-ը զոհվել է, հրամանատարն էլ իրենց հետ»,-պատմում է Գարիկը:

Մի քանի օր անց հայրիկը գնացել է Արթուրին «ճանաչելու»: Մայրիկն ու ընկերն ասում են՝ երբ Գարիկը նկարներ է ցույց տվել, միանգամից ասել են՝ սա Արթուրը չի: Տիկին Նաիրան հավելում է. «Չեմ նմանեցրել իմ տղային, մայրն եմ, եթե անգամ չեմ հավատում, որ տղաս է, գոնե պիտի զգացողություն ունենայի, որ ինքն է: Ես հիմա էլ չունեմ զգացողություն, որ Արթուրս չկա, սպասում եմ, որ պետք է գա»: Որ հայրիկի տեսած մարմինն Արթուրինն է, ԴՆԹ-ն ու մարմնի վրա եղած մի քանի նշաններն են հաստատել: «Նկարներում աջ ոտքի վրա խալ կա, բայց մեր տղան ոտքի վրա խալ չի ունեցել: Ծառայության ժամանակ ընկել էր ու ձախ ձեռքին սպի ուներ, բայց ձախ ձեռքի նկարը չունենք, որ տեսնենք՝ սպի կա, թե ոչ: Երկու խալը, որ նաև Արթուրն է ունեցել, եղել է գտնված մարմնի վրա»,-ասում է մայրիկը:

Արթուրի հայրիկը տեսանյութեր ունի, որտեղ տղաներն են՝ ձեռքերը կապված, վիրավոր: «Տեսանյութում Արթուրի ոտքը վիրավոր է, մահացածի նույն ոտքն էլ էր վիրավոր, բայց իմ տղան խալ չուներ: Տղայի մարմինն ավելի բարձրահասակ էր, քան Արթուրն էր»: Ստացվում է, որ տղան գերեվարվել է, հետո զոհվել, վախենում եմ ասել, որ սպանվել է, բայց այլ բառով մեկնաբանել իրավիճակը հնարավոր չէ: Տեսանյութերի մասով հայրիկին բարկացնում է այն, որ Քննչական կոմիտեն կամ էլ այլ գերատեսչություններ համոզում են, թե դրանք 44-օրյա պատերազմի ժամանակ են արվել, մեր դիրքերում են, մինչդեռ հրամանատարները փաստում են՝ տեսանյութերում մեր դիրքերը չեն. «Տեսանյութում ճանաչել ենք մեր երեխային: Մյուս կողմից՝ որևէ կերպ չեն ապացուցում, հաստատում, որ դա 44-օրյա պատերազմի ժամանակ է նկարվել: Փոխանակ տեսանյութերն ուսումնասիրեն, ուզում են պարզել, թե դրանք մեզ որտեղից»: Ու այս հարցերն են, որոնք հանգիստ չեն տալիս ընտանիքին՝ իսկ գուցե Արթուրը չէ այն տղան, որին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանատանը, շիրմաքար տեղադրել: Հայրիկն ասում է՝ եթե Արթուրը վերադառնա, դա կլինի անհայտ զինվորի գերեզման՝ «բոլորն էլ մերն են, ի՞նչ տարբերություն»:

Հ. Գ. - Ժամացույցի սլաքների կտկտոցը խախտում է սենյակում պարբերաբար տիրող լռությունը: Իսկ հետո զրույցին միանում է Նատալին՝ Արթուրի փոքրիկ քույրիկը, որն իր աշխուժությամբ, զրնգուն ձայնով լցնում է սենյակը, ապրելու շունչ հաղորդում մեզ, բայց ամենակարևորը՝ ապրեցնում ծնողներին, եղբորը, անգամ Արթուրի ընկերներին: Երբ Նատալիին հարցնում ենք, թե որտեղ է եղբայրը, պատասխանում է՝ բանակում, իսկ երբ է գալու հարցին արձագանքում՝ շուտով։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal