Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պարզ ու մաքուր էր, բոլորից տարբերվող. եկեղեցուց մեր տուն ճրագ բերողը Հայկոն էր»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շատ հանգիստ երեխա էր, անգամ զարմանում էինք: 3-4 տարեկանում աշխուժացավ: Անսահման բարի էր Հայկոս: Մեր բոլոր տղաներն էին բարի: Բոլորին սիրում էր, իր համար վատ մարդ չկար: Աշխատասեր էր: Ստեփանակերտում սեփական տանն ենք ապրում, երբ պետք է հաց թխեինք, անհրաժեշտ ամեն ինչ բերում էր, թոնրի մոտ դասավորում, օգնում պապիկին ու հորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկ Բեգլարյանի մայրիկը՝ տիկին Եվան:

Մի պատմություն է հիշում, որը մեզ կօգնի ավելի լավ ճանաչել որդուն, անգամ ասում, որ կարող եմ չգրել այդ մասին: «Հացի փուռ ունեինք, այն Հայկոյից հետո փակեցինք: 16-17 տարեկան էր, հացը բաժանում էր խանութներին, գումարը բերում, տալիս սկեսուրիս: Տատիկը փողը հաշվում էր, ամեն անգամ ասում, որ պակաս է: Երբ Հայկոս զոհվեց, հուղարկավորեցինք Հոկտեմբերյանում: Այնտեղից եմ հարս գնացել Արցախ: Հայաստանի տարբեր անկյուններում ապրող արցախցիները եկել էին իրեն հրաժեշտ տալու: Խոսում էինք Հայկոյի մասին, պարզվեց, որ շատերին հաց է բաժանել, օրը՝ 15-18 հատ: Մարդիկ մեզ էին հարցնում՝ տեղյա՞կ էիք, որ հացն անվճար տվել է, ասում էինք՝ այո, որ իրենց վատ չզգան»,հավելում է զրուցակիցս:

Մայրիկն ասում է. «Հայկոս հավատացյալ երեխա էր, աստվածապաշտ ու աստվածավախ: Եկեղեցական բոլոր տոները գիտեր, մասնակցում էր բոլոր արարողություններին: Եկեղեցուց մեր տուն ճրագ բերողն ինքն էր: Երեխաներս փոքրուց Առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց են հաճախել, հիմա էլ փոքր աղջիկս է հաճախում... Այնքան պարզ ու մաքուր էր Հայկոն, կատակասեր, ուրախ, բոլորից տարբերվող: Մտովի վերապրում եմ Հայկոյիս կյանքի 19 տարին, մտածում եմ՝ մի մեղք գործե՞ց իմ տղան, բայց ոչինչ չեմ հիշում: Ընկերները, բարեկամները մեր տուն են գալիս, պատմություններ ենք հիշում, հուզվում, բայց հետո սկսում ժպտալ ու ծիծաղել»:

Զրույցի ընթացքում էլ մայրիկի ձայնի մեջ զգացվում էր այդ ժպիտը: Դպրոցական տարիների մասին խոսելով՝ տիկին Եվան նշում է՝ Հայկը սովորելու հետ սեր չուներ, բայց դպրոցում սիրված աշակերտ է եղել, մասնակցել բոլոր միջոցառումներին. «Երազում էր ինքնուրույն դառնալու, «ոտքի կանգնելու» մասին: 15 տարեկանից սկսեց աշխատել, և՛ մեր տան գործն էր անում, և՛ առանձին աշխատում: Այդ տարիքից գումար չի վերցրել ինձանից, իր գումարով իրեն հագուստ է գնել: Փայտամշակման դասերի էր գնում, մեքենաներ էր նորոգում, ամեն ինչ սիրով էր անում»: Ծառայության մասին խոսելիս զրուցակիցս ասում է՝ Հայկը սկզբում չէր ուզում ծառայել: Առաջին արձագանքս զարմանքն էր: Մայրիկն արձագանքում է՝ հիմա ասեմ, թե ինչու:

«Ինքն իրեն ասում էր՝ պետք է ամեն օր լողանամ, անկողինս շուտ-շուտ փոխեմ, բանակում չեմ կարող: Իրեն ասացի՝ հարմարվող ես, ամեն ինչ էլ կկարողանաս: Մեծ տղաս ծառայել է Թալիշում: Հարութը դիրքում էր, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը: Ամուսինս մեկ ամսից ավելի մնաց մեծ տղայիս կողքին: Այն ժամանակ Հայկոս փոքր էր, ասում էր՝ մամ, երանի Հարութին, որ թուրքի հետ կռիվ է անում: Վախենում էի իր բառերից: Հայկը ծառայության մեկնեց 2020 թ. հունվարի 8-ին, ծառայության վայր «քաշեց» Ջաբրայիլը: Միշտ ասում էինք՝ հանկարծ Ջաբրայիլ չընկնես, որովհետև Ստեփանակերտից ամենահեռուն Ջաբրայիլն է: Մի երկու օր հետո զանգեց տուն՝ մամա՛, ծառայությունից լավ բան չկա, ո՞նց չէի ուզում ծառայեի: Երբ կարողացանք իր մոտ գնալ, սպան ասաց՝ եթե բոլոր զինվորները Հայկոյի նման ծառայեին, էլ խնդիր չէինք ունենա: Կարգապահ զինվոր էր, ինքն իր հանդեպ խստապահանջ: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց կարոտը խեղդում է, շատ եմ կարոտում ձեզ: Սեպտեմբերի 10-ին Հայկոս 19 տարեկան էր դառնալու: Զանգեցի՝ փող ուղարկեմ, տղերքով նշեք: Համաձայնեց, բայց հետո զանգեց, թե՝ չեմ ուզում, մի ուղարկի, եկեք՝ բոլորիդ տեսնեմ: Բոլորս հավաքվեցինք ու գնացինք: Այդ օրը շատ ուրախ անցավ»:

Սեպտեմբերի 25-ին Հայկը զանգել է մայրիկին՝ պատերազմ է սկսվելու, վիճակը վատ է: «Ում զանգում էինք, ասում էին, որ նման բան չկա: Հայկի խոսքերն ականջներիս մեջ է՝ Ալիևը մեզ պատերազմ է հայտարարել: Սեպտեմբերի 26-ին զանգեց՝ մա՛մ, հաջող, կռիվ ենք գնում: Բոլորին ասում էի, որ Հայկոն ինձ նման բան է ասել, ինձ համոզում էին, թե նման բան չկա: Առավոտյան արդեն դղրդոցներից արթնացանք, Ստեփանակերտը ծխի մեջ կորած էր: Ամուսինս նույն օրը հասավ Ջաբրայիլ, Հայկոյին չէր գտնում, բայց ինձ չէր ասում: Երևի չորս օր չզանգեց Հայկոս: Հոկտեմբերի 2-ին ամուսինս զանգեց, հեռախոսը տվեց Հայկոյին՝ մա՛մ, ցավդ տանեմ, չվախենաս ոչ մի բանից, ով ինչ ասի, չհավատաս: Հայկոս ուրախացել էր, որ պապան իր մոտ էր: Խոսում էինք՝ մա՛մ, Աստված ինձ պահեց, մեքենայից իջա, որ ջուր խմեմ, մեքենաս պայթեցրին, մի քանի օր էլ շրջափակման մեջ ենք եղել, թուրքը քանի անգամ գլխներիս վերևով գնացել է ու մեզ չի տեսել»:

Հայր ու որդի մեկ ամիս կռվել են Ջաբրայիլում, Հադրութում, «Թութակներում» եղել, հետո արդեն հասել Շեխեր: Հայկը հոկտեմբերի 28-ին է զոհվել՝ հայրիկի աչքի առաջ. «Ամուսինս հիմա եկեղեցի չի գնում: Ասում է՝ ամեն օր երեխեքն աղոթում էին, ո՞նց կարող էր նման բան լինել, կողքին էի, ո՞նց ինձ չկպավ, իրեն կպավ: Հասնում են Շեխեր գյուղ, թուրքն՝ արդեն գյուղի մեջ, մեկ շաբաթ կռիվ են տալիս: Շատ զոհեր ենք տվել, տղաներից շատերի մարմինները 6-7 ամիս հետո դուրս բերեցին: Հայկի ու Միքայելի մարմիններն ամուսինս դուրս է բերել ու տուն հասցրել: Հայկոյիս դեմքն այնքան խաղաղ էր, այնքան պարզ, մեկ-մեկ թվում էր, թե պետք է աչքերը բացի ու խոսի հետս»:

Շարունակում է. «Հայկը պատերազմի ընթացքում երբեք չէր խոսում պարտության մասին, միայն մի անգամ ասաց՝ մա՛մ, «բոյ» ենք տալիս, բայց սաղ ծախած ա: Երեխեքը պայքարեցին, որ մենք ապրենք, բայց ապրո՞ւմ ենք արդյոք: Ի՞նչ հոգեվիճակում են մեր հերոսների ծնողները Հայաստանում, ասում են՝ Արցախը մեր երեխեքի հիշողությունն է, հուշարձանի նման է: Արցախ թողեցի՞ն, Աստծուն եմ խնդրում՝ մի փշուր Արցախը հանուն երեխեքի հիշատակի պահիր: Իմ Հայկոն, մենք երբեք չենք տարանջատել արցախցի ու հայաստանցի: Դեռ մեծ տղայիս ծառայելու տարիներին Հայաստանից տղաները ծառայում էին Արցախում, մեկից մի դժգոհություն չեմ լսել: Սիրով էինք իրար հետ: Հյուրընկալել ենք, ճանապարհել»: Հայկոն սիրում էր Հայաստանը, Երևանը, կապված էր հարազատների հետ:

«Ասում էր՝ դու Հայաստանից Արցախ հարս ես եկել, բանակից վերադառնամ, գնալու եմ Հայաստանում ապրեմ: Կուզես արի, կուզես մնա: Բարեկամներին էլ ասել էր՝ ինձ բոլորդ սիրում եք, ամուսնանամ Հայաստանում, բոլորիդ հարսանիքիս կանչելու եմ: Ոնց պլանավորել էր, եղավ... «Գնաց» Հայաստան, մարդիկ հավաքվեցին, անթիվ ծաղիկներ էին, հարևաններից մեկն ասաց՝ իր նկարագրած հարսանիքն է: Պետության տված գումարն էլ ծախսեցի իր համար: Ամեն անգամ, որ գնում եմ, ասում եմ՝ Հայկո, քո տո՞ւնն էր սա: Նախքան Հայկոյիս զոհվելը, հայրական տուն տարին մեկ անգամ էի գալիս, մամաս անգամ նեղանում էր, իսկ հիմա ավելի շուտ-շուտ եմ գալիս: Իր հետևից ինձ տարավ Հոկտեմբերյան»: Մայրը, որ իր զավակին է կորցրել, ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ անորոշություն է Արցախում ու Հայաստանում:

«Ամիսներ առաջ մի քանի հարյուր երեխա զոհվեց, մեկ օր սուգ ու լռության րոպե չհայտարարեցին: Երևանը կորած է զարդարանքների մեջ, չէր կարելի արդյո՞ք ամեն ինչ ավելի համեստ կազմակերպել, գումարն էլ ուղղել դիրքերի բարեկարգմանը: Բոլորի ուշադրության կենտրոնում պիտի բանակը լինի, տեր կանգնեն բանակին, մեր թիկունքն ու ուժն է բանակը: Գնում եմ մեր Եղբայրական գերեզմանոց, Արցախը 1200 զոհ է տվել, տանից դուրս եմ գալիս, փոքր քաղաք է, ամեն քայլափոխի հաշմանդամություն ունեցող երեխեք են: Բա այսքանից հետո էլ բանակին ու երկրին տեր չկանգնե՞ն»: Տիկին Եվայի հետ զրուցել ենք այն ժամանակ, երբ Արցախը մի քանի օր շրջափակման մեջ էր: Մի խումբ ադրբեջանցիներ ուղղակի փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: «Ծնողներն ամեն օր Եղբայրական գերեզմանոցում են՝ բա եթե մի բան լինի, մեր երեխեքին ո՞նց ենք տանելու, ո՞ւր ենք տանելու: Իրենց մասին չեն մտածում, իրենց տղաների մասին են մտածում: Միքայելի մայրիկը, որին ամուսինս Հայկիս հետ դուրս էր բերել, ասում է՝ տարհանում լինի, կգամ, կպառկեմ տղայիս գերեզմանին, թող ինձ սպանեն, բայց իրեն մենակ չեմ թողնի»:

Հ. Գ. - Հայկ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծնողներին տեղեկացրել են, որ նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի պարգևատրման է առաջադրված, պրոցեսն ընթացքի մեջ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer