Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները նպատակ են հետապնդում նաև հավասարակշռությունից հանելու Իրանը
BLOGՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ակնհայտ է, որ Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները նպատակ են հետապնդում նաև հավասարակշռությունից հանելու Իրանը և այս երկիրը ներքաշելու հապշտապ գործողությունների մեջ, որտեղ սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է լինելու:
Ասվածի ապացույց կարող է լինել իրանցիների համար նաև բարոյական դաշտում այնպիսի զգայուն կետին ահաբեկչական հարված հասցնելը, ինչպիսին Իսլամական Հանրապետության հիմնադիր և շիայական պետական կառավարման մոդելի ճարտարապետ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքն է:
Ակնհայտ է, որ նման ծրագրավորում իրականացնողները չեն հաշվարկել կարևոր մի հանգամանք. «յոթը չափիր, մեկը կտրիր» իմաստնությունը լավագույնն է բնորոշում իրանցիների գործելաոճը գրեթե ամեն ինչում, հետևաբար Իրանից զգացական, հապճեպ և սխալաշատ պատսխաններ ակնկալելն առնվազն անհեռատեսություն է:
Սխալ է հաշվարկված նաև ահաբեկչության միջոցով Իրանի ներսում խուճապային տրամադրություններ և ներկա վարչակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու բաղադրիչը: Ընդհակառակը՝ նկատվում է բոլորովին հակառակ գործընթաց, որն ի վերջո հանգեցնելու է իրանցիների շրջանում քաղաքական և հասարակական համախմբման աննախադեպ բարձր մակարդակի, ինչը հնարավորություն է ընձեռելու իրանական ռազմաքաղաքական վերնախավին ներազգային համերաշխության պայմաններում հանգիստ և վստահորեն ծրագրավորելու պատասխան բոլոր գործողությունները: