Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում»
ANALYSISPast.am-ը տեղեկացնում է. Հայաստանում առկա կոռուպցիան իրականում օրենքների ու նորմատիվային ակտերի թերի լինելու հետևա՞նք է, թե դրանք միտումնավոր են թերի մնում, որպեսզի կոռուպցիոն երևույթներն աճեն ու ծաղկեն, դժվար է ասել:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով հարցը փիլիսոփայական է, բայց մեկը մյուսի հետ կապված է «սատանայական օղակով»: Իրենց բնույթով կոռումպացված պետական ապարատում աշխատողները գործունեություն ծավալելու այնպիսի մեխանիզմներ են գտնում, որտեղ հնարավորություն կա կոռուպցիոն ռիսկերի գնալ և այդ արատավոր երևույթը զարգացնել:
«Դրանից հետո դժվար է ասել, թե այս կամ այն նորմատիվ ակտի բացակայության պատճառով է կոռուպցիոն որևէ երևույթ զարգանում, թե մարդու: Պետք է հասկանալ, որ բոլորն այդ նույն կոռուպցիոն պտույտի մեջ են: Օրենքներ կան, որոնց իրագործման համապատասխան մեխանիզմներ ու կարգեր անգամ ընդունված չեն: Կան նաև օրենքներ, որոնք այնքան են հնացել, որ եթե մոնիտորինգի ենթարկենք, ապա կտեսնենք, որ այդ օրենքից որևէ մեկը չի օգտվում: Դրանք կոչվում են մեռած օրենքներ: Այսինքն, հարցն ընդհանուր վերանայման կարիք ունի և իրականում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Այդ դեպքում պարզ կլինի, թե կոռուպցիոն ռիսկերը ծնվում են օրենքների, նորմատիվային ակտերի և այլնի չօգտագործման հետևանքով, թե՝ անձերի»,– ասաց Թ. Պողոսյանը:
Կենտրոնի նախագահի խոսքով այսօր խնդիր կա համակարգը վերևից ներքև ուսումնասիրելու: Այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև ԱԺ–ն, որը նոր կանոնակարգի համաձայն վերահսկողություն իրականացնելու ավելի լայն լծակներ ու պարտավորություն է ստանձնել: Այսինքն, այսուհետ հանձնաժողովներն իրավունք ունեն նաև ընդունված օրենքների կիրառելիության մշտադիտարկում իրականացնել: Դա հնարավորություն կտա եզրակացություններ անել, թե որտեղ են այս կամ այն ոլորտը կանոնակարգող օրենքներում «տեղադրված» թակարդներն ու սողանցքները:
«Մեր օրենքներում գրված չեն չէ՞ կոռուպցիայի մասին, բայց հենց սկսվում են դրա իրագործման համար ինստիտուտներ ձևավորել և աշխատեցնել, այդ ժամանակ կոռուպցիոն հնարավորություններ են ձևավորվում, ինչից էլ մարդիկ օգտվում են: Մի տեղից պետք է այդ փակ շղթան կտրել, որպեսզի հնարավոր լինի հետ պտտացնել այն: Եվ հարկավոր է համակարգված աշխատանք իրականացնել: Այլապես այս կամ այն կերպ գործը բացահայտվելու, ուղարկվելու է քննության, այդ րոպեին ճիշտ կամ սխալ հաշվարկվելու են կորուստները, ինչ–որ գումարներ են վերադարձվելու բյուջե, մի քանի մարդիկ կարող են նաև դատապարտվել: Հետո գործերը կգնան կկորչեն, բայց ցավոք սրտի մենք կրկին չենք տեսնի մեծ «ձկների» ու չենք կարողանա նրանց գլխից բռնել»,– ասաց Թ. Պողոսյանը:
Կենտրոնի նախագահի կարծիքով մենք դեռևս չունենք այն ընկալումը, որ իշխանության տարբեր ճյուղեր իրար հանդեպ պետք է վերահսկողություն իրականացնեն և բալանսավորեն գործընթացները: Շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում և հիմա խնդիր կա նաև այդ հարցը լուծելու:
«Եվ եթե գործերը քննվում են քննչական մարմիններում, բայց մենք այդպես էլ անձեր չենք տեսնում, այստեղ էլ են հարցեր առաջանում: Մյուս կողմից ես չեմ հավատում, որ միայն անուններ տեսնելով մենք շատ բան կփոխենք կոռուպցիոն համակարգի շղթայում: Օրինակ՝ նախկինում ճանապարհային ոստիկանության պետին դատապարտեցին, Վազգեն Խաչիկյանին նույնպես, բայց չեմ կարծում, որ այդ համակարգերը հիմա ֆանտաստիկ լավ են աշխատում: Այնպես որ խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ համակարգի փոփոխության մեջ է, որովհետև եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում»,– ասաց Թ. Պողոսյանը:
Արմինե Գրիգորյան