Համախմբումն էլ չհամախմբվեց
ANALYSISՀրապարակ թերթը գրում է, որ «Համախմբում» կուսակցությունը, ՕՐՕ-ի հանգույն, փոշիանում է: Օսկանյանը թողել-գնացել է ԱՄՆ` թիմակիցներին ասելով` քաղաքական հույսեր չունեմ: Գաղափարական թեւը, Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպություն է ստեղծել, զբաղվում է անշառ քննարկումներով:
Թերթը նաև գրում է, որ իր հերթին Վահեն թիմակիցներին ասել է` Հայաստանում 3 տարի քաղաքական պրոցես չի լինի։ Հիշեցնենք` նա բավականին մտերիմ է Արմեն Գեւորգյանի, Վիգեն Սարգսյանի հետ, ում հետ ժամանակին աշխատել է նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք․ նա Քոչարյանի ռեֆերենտներից էր:
«Համախմբման» փորձագիտական թեւը` Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, նույնպես «պարապուրդի» է մատնված, մանավանդ Կամանդույուշչիի` Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: Նախորդ օրն էլ պարզվել է, որ Օսկանյանին մտերիմ զույգը` Արտակ Բշտիկյանն ու Ռուբեն Կարապետյանը (վերջինս նաեւ «Հոգեւոր Հայաստանի» անդամ է), պատրաստվում է դիմում գրել եւ դուրս գալ «Համախմբում» կուսակցության վարչության կազմից:
Հայաստանում, փաստացի փոշիանում է ևս մեկ ընդդիմություն, որը ժամանակին չէր խնայում սուր հռետորաբանությունն ու շռայլ խոստումներ էր տալիս, բայց փաստորեն պառլամենտ չանցնելով այլևս որևէ օրակարգ չունի:
Այս գործելաոճը ավանդական է դառնում հայ քաղաքական ուժերի համար: Զրկվելով որևէ ռեսուրսից, նրանք փաստացի մոռանում են այն վեհ խոստումները, որ տվել էին ժամանակին ու հավաքում են ճամպրուկները:
Սարգիս Մեսրոպյան