Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Կառլովի գործով ևս մեկ մարդ է հարցաքննվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով կասկածյալներից Շահին Սյողութի կինը՝ Այշե Սյողութը։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, կինը դատախազությունում ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։
Ըստ հետաքննության՝ Շահին Սյողութը, ով անդամակցում է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորմանը, եղել է Կառլովին սպանող ոստիկան Մևլյութ Ալթընթաշին գործողության հրամանը փոխանցողը։
Հայտնի է, որ Սյողութն ու ևս 8 կասկածյալ ավելի վաղ կալանավորվել էին։
Նշենք, որ ավելի վաղ Անկարայի դատախազությունը հայտարարել էր, որ ՌԴ դեսպան Կառլովի սպանության պատվիրատուն հենց Ֆեթուլլահ Գյուլենն է: Դատախազը նշել էր, որ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ և սպանության հրամանը ստացել Կիպրոս այցելության ժամանակ գյուլենականների հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին` Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ:
Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից: