Ադրբեջանցի պատգամավորները բողոքի նոտա են հայտնել ՌԴ Պետդումային՝ ռուս հայտնի կանանց՝ Արցախ կատարած այցի պատճառով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են ուղարկել Ռուսաստանի Պետդումայի նախագահին և Դումայի հանձնաժողովների ղեկավարներին՝ կապված հայտնի ռուս կանանց՝ Արցախ կատարած այցի հետ:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, բողոքի նոտան ստորագրել են ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական կապերի հարցով աշխատանքային խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի Ռուսական համայնքի նախագահ Միխայիլ Զաբելինը:
Հայտնի ռուս կանանց այցն Արցախ, որոնց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, կայացել է հոկտեմբերի 7-ին: Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն-գրատա» է ճանաչել վերջիններիս:
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտադիր է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության անդամ երեք լրագրողի, որոնք այցելել են Արցախ, նույնպես ներառել այն անձանց ցանկում, որոնց մուտքը հանրապետություն անցանկալի է: