Քոչարյանը վաղը դատարանում հանդես կգա հայտարարությամբ
POLITICSՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը. այն կշարունակվի փետրվարի 1-ին՝ ժամը 15։00-ին։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն այսօր ամբողջությամբ ներկայացրել է Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը։ Նա նշեց, որ հաջորդ դատական նիստին հայտարարությամբ հանդես կգա և իր դիրքորոշումը կներկայացնի նաև Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։