Իտալիայում տղամարդը 51 դպրոցականներով լի ավտոբուսն այրելու փորձ է արել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWS
Իտալիայի Միլան քաղաքի շրջակայքում ծագումով սենեգալցի 47-ամյա տղամարդն այսօր փորձել է հրդեհել դպրոցական ավտոբուսը, որում 51 երեխա է գտնվել:
Ինչպես հաղորդում է Rai News-ը, տղամարդը դպրոցականներին մարզասրահ տեղափոխելիս շեղվել է ճանապարհից՝ արգելելով երեխաներին իջնել: Ականատեսների խոսքով՝ նա ասել է, որ ցանկանում է «դադարեցնել մահերը Միջերկրական ծովում»: Ըստ երևույթին՝ նա ի նկատի է ունեցել աֆրիկյան և մերձարևելյան երկրներից Միջերկրական ծովով Եվրոպա եկող ներգաղթյալների բազմաթիվ մահերը:
Ավտոբուսում գտնվող երեխաներից մեկն ահազանգել է ծնողներին, որոնք էլ իրենց հերթին ոստիկանություն են զանգել: Ոստիկաններին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել ավտոբուսը՝ կանխելով դժբախտությունը:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ Իտալիայի քաղաքացիություն ունեցող 47-ամյա տղամարդը նախկինում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և սեռական ոտնձգությունների պատճառով խնդիրներ է ունեցել օրենքի հետ:
Իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդուն: Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում: