Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն
POLITICSՆախօրեին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որը տևեց 4,5 ժամ: Ասուլիսի բովանդակային մասի հետ կապված տարբեր տեսակետներ կան, ու դա բնական է: Փաստն այն է, որ վարչապետը խոսեց ամեն ինչից, պատասխանեց լրագրողների կողմից բարձրացված 50-ից ավելի հարցերին: Սա վարչապետի թվով երրորդ ասուլիսն էր ու ամենաերկարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի ասուլիսը նախապես պլանավորված չի եղել, և նա այդ քայլին գնացել է ավելի շատ «սպոնտան»՝ փորձելով ստեղծված իրավիճակում մեղմել դաշտում շիկացած որոշակի լարվածությունը: Քանիցս անդրադարձել ենք այն հարցին, որ իշխանության ներկայացուցիչների կողմից «լ յապերը» շատ են, և տարբեր հանդիպումների ժամանակ այս առումով դժգոհել է Փաշինյանը: Այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաև հատկապես կարևորելով Արցախի շուրջ ծավալված դիսկուրսը և Ալիևի հետ առաջիկա հանդիպումը, վարչապետն անձամբ է փորձել «փակել» թեման: Նույնը կարելի է ասել նաև կուտակված այլ հարցերի մասին: Իշխանական դաշտում արցախյան հարցով (ըստ էության կարևորագույն նշանակության այլ հարցերով ևս) բավականին ամորֆ վիճակ է, քանի որ չափազանց քիչ են հարցի (հարցերի) խորքային իմացություն ունեցող, ինչպես նաև թեմաները հասարակությանը ադեկվատ, առանց «լ յապերի» ներկայացնելու ունակ անհատները: Ուստի պատահական չէ, որ նույնիսկ տեղեկատվական հարթակում է վարչապետը միայնակ աշխատում: