Անզեն աչքով տեսանելի բակտերիաներ. մի՞ֆ, թե՞ իրականություն
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Բակտերիաները չափերով շատ փոքր են, և նրանց կարելի է տեսնել միայն մանրադիտակով:
Իրականում այդպես չէ:
Պարզվում է, որ կան այնպիսի «հսկա» բակտերիաներ, որոնց կարելի է տեսնել անգամ անզեն աչքով: Բակտերիաները միաբջիջ միկրոօրգանիզմներ են։ Նրանք ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններ՝ աճում են, զարգանում, իրականացնում նյութափոխանակություն, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար տեսակի բակտերիաներ, սակայն իրականում նրանց քանակը միլիոնից ավելի է։ Սրանք կյանքի նախնական ձևերն են և տարածված են ամենուր։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող է ապրել մոտ 40 միլիոն բակտերիան, իսկ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։ Բակտերիաներն առաջինը հայտնագործել է հոլանդացի գիտնական Անտոնի Վան Լևենհուկը: 1676 թվականին նա առաջին անգամ իր մանրադիտակի ապակու վրա ջուր կաթեցրեց և տեսավ այնտեղ անընդհատ շարժվող բազմաթիվ մանրագույն օրգանիզմներ: Ինքը՝ Լևենհուկը, դրանց կոչեց «անիմալկուլիներ»: Բակտերիա անունը զգալիորեն ավելի ուշ է մտցվել՝ 1828 թվականին: Իհարկե, ուսումնասիրել բակտերիաներին առանց մանրադիտակի անհնար է, քանի որ սովորաբար նրանց չափերը տատանվում են 0,3-ից 6 միկրոնի սահմաններում (մեկ միկրոնը միլիմետրի հազարերորդ մասն է կազմում), և մարդկային աչքը ունակ չէ նշմարել այդքան փոքր մարմինը: Բայց, այնուամենայնիվ, կան նաև խոշոր բակտերիաներ: Սրանք մնացած բակտերիաների համեմատ ուղղակի հսկաներ են, քանի որ կարող են հարյուրավոր անգամներ մեծ լինել մնացած բակտերիաներից: Մինչև 1997 թվականը ամենախոշոր բակտերիան համարվում էր դեռևս 1835 թվականին հայտնագործված Spirochaeta plicatilis-ը, որը ուներ 500 միկրոն, այսինքն՝ 0,5 միլիմետր երկարություն: Պարզ է, որ այս չափերով բակտերիան տեսանելի կլինի անգամ անզեն աչքի համար: Պետք է նշել, որ ընդհանրապես «սպիրոխետաների» (թելանման կառուցվածք ունեցող բակտերիաների ընտանիք) մեջ շատ են մինչև 0,25 միլիմետր երկարություն ունեցող «հսկաները» , բայց, այնուամենայնիվ, դրանց անհնար է անզեն աչքով տեսնել, քանի որ նրանց տրամագիծը, ի տարբերություն երկարության, շատ փոքր է և հասնում է 0,7-ից մինչև 1 միկրոնի, ինչը անզեն աչքը չի կարող տեսնել: 1997 թվականին Նամիբիայի ափամերձ հատվածներում հողի նմուշի մեջ հայտնաբերվել է ներկայումս չափերով ամենամեծը համարվող Thiomargarita namibiensis բակտերիան: Այս բակտերիայի ամենազարմանալի հատկությունն այն է, որ այն կլոր է և ունի մինչև 0,75 միլիմետր տրամագիծ: Պարզ է, որ այսպիսի չափերով այն լրիվ տեսանելի է անզեն աչքի համար, ավելին՝ առանձնապես պետք չէ տեսողությունը լարել:
Thiomargarita namibiensis բակտերիայի անունը թարգմանաբար հնչում է որպես «Նամիբիայի ծծմբային մարգարիտ» (հունարեն theion-ծծումբ, իսկ margarita-ն լատիներեն մարգարիտ): Բանն այն է, որ այս բակտերիան իր մեջ պարունակում է ծծմբի միկրոսկոպիկ գրանուլաներ, որոնք բեկում են լույսը՝ ստիպելով բակտերիայի բջջին շողշողալ մարգարիտի պես: Բացի այն, որ նրանք նման են մարգարիտի, նաև դասավորվում են կողք կողքի` ստեղծելով շղթա, և կարծես թե մարգարտյա վզնոց լինեն, ընդ որում՝ անզեն աչքով տեսանելի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը