«Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային համաժողովում 64 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքվել
INTERNATIONAL NEWS
«Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին մասնակցած ընկերությունները ավելի քան 64 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համաժողովի ընթացքում գործարար գագաթնաժողովին մասնակցող ընկերությունների շատ ներկայացուցիչներ կային: Նրանք ստորագրել են ավելի քան 64 մլրդ դոլարի համաձայնագրեր», - ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Սի Ցզինպինը:
Նա հավելել է, որ համաժողովի ընթացքում բոլոր կողմերը 283 նախագծերի շուրջ կոնսենսուսի են եկել, այդ թվում միջկառավարական համաձայնագրեր եւ գործնական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:
«Մեկ գոտի մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը Պեկինում անցկացվեց ապրիլի 25-27-ը, դրան մասնակցեցին պետությունների եւ կառավարությունների 37 ղեկավարներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: