Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում երեկ և այսօր բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: