Նուբարաշենի գերեզմանատանը կրկին շիրմաքարեր են պղծվել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում (լուսանկարներ)
SOCIETYՆուբարաշենի գերեզմանատանը կրկին շիրմաքարեր են պղծվել: Այս մասին Tert.am-հայտնում է խմբագրություն դիմած քաղաքացին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պղծել են հորս, պապիս ու էլի շատերի գերեզմանները։ Հորս ու պապիս շիրմաքարերն արդեն մաքրել ենք, բայց շատերի գերեզմանները դեռ ապականված վիճակում են»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածը, մոմի միջոցով կեղտոտել են Նուբարաշենի գերեզմանատանը հուղարկավորված իր հարազատների շիրմաքարերը և տապանաքարերը:
Այս պահին Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Նուբարաշենի գերեզմանատանը սա շիրմաքարերի պղծման առաջին դեպքը չէ: Նման դեպքեր վերջին շրջանում տեղի են ունեցել նաև Չարենցավանի, Զովունիի գերեզմանատներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։