Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով, որոնք մերժում են Շառլ դը Գոլի գաղափարները: Այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ ֆրանսիական The Revue Politique et Parlementaire ամսագրում հրապարակված հոդվածում՝ նվիրված Հինգերորդ հանրապետության նախկին առաջնորդի ծննդյան 130-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ:
«Ավրաատլանտիկան» բախվել է վստահության լայնածավալ ճգնաժամի: Այդպես էլ չի կառուցվել իրավամբ միասնական Եվրոպա: Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ փոխգործակցության մեծածավալ ներուժը, ըստ էության, պարապուրդի է մատնված: Եվրոպական, այդ թվում նաեւ ֆրանսիական բիզնեսը վնասներ է կրում: Վստահ եմ՝ ընթացիկ սցենարը հեռու է նրանից, ինչը նկատի էր ունեցել Շառլ դը Գոլը, որը հրաշալի գիտակցում էր «առանց Ռուսաստանի Եվրոպայի» ամբողջ հակաարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հիմա արեւմտյան հանրույթում գերակշռում է նրանց նախանշած գիծը, ովքեր «յուրացնելով մարդկության ճակատագրերի որոշման իրավունքը, կարճատես ընտրություն են կատարել նատօյակենտրոնամետության, «զրոյական գումարով» աշխարհաքաղաքական խաղերի եւ «հայտնի առաջատար» տրամաբանության օգտին: Լավրովը հիշեցրել է Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին, դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակման՝ չնայած դեռեւս խորհրդային ղեկավարության առաջ ստանձնած պարտավորություններին, Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը եվրոպական մի շարք երկրների աջակցության եւ դրան հաջորդած Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանման մասին:
Ընդ որում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ աշխարհի ճարտարապետությունը եւ մայրցամաքում կայունությունը ձեւավորելու հնարավորությունը դեռեւս պահպանվում է: «Ընթացիկ պայմաններում այս խնդրի լուծման առավել արդյունավետ ուղին տարբեր ինտեգրացիոն նախագծերի ներուժի ստեղծումն է, որոնք իրացվում են ընդարձակ եվրասիական տարածքներում՝ Լիսաբոնից մինչեւ Ջակարտա»,- շարունակել է նա՝ հավելելով, որ հենց դրան է ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնությունը: