Ո՛չ զոհված, ո՛չ անհետ կորած, ո՛չ գերի, ո՛չ էլ ողջ մնացած զինծառայողի ծնողի համար պատերազմը դեռ չի ավարտվել․ այն մեզ համար դեռ շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են․ զինվորի մայր
VIDEOԵրկու ամսից ավել է՝ պայքարում ենք․ ո՛չ մահացած զինծառայողի, ո՛չ անհետ կորածի, ո՛չ գերու, ո՛չ էլ ողջ մնացած զինծառայողի ծնողի համար պատերազմը դեռևս չի ավարտվել։ Այս մասին Կառավարության դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից Արմինե Օհանյանը։
Նա ընդգծեց՝ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում իրենց զավակների անվտանգության երաշխիքներից տեղեկանալու համար, սակայն որևէ պատասխան չեն ստանում։ Օհանյանը նշեց՝ ՊՆ-ից որևէ պատասխան չկա, ասում են՝ քննարկում են։
«Հուսով ենք՝ մեր ղեկավարությունը իր ղեկավարով հանդերձ տղամարդկություն կունենա պատասխան տալու, ինչպիսինն էլ կլինի այդ պատասխանը։ Պահանջը մնում է նույնը՝ Արցախից բոլոր զինծառայողների դուրս բերում։ ՊՆ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի սպա այլևս ո՛չ կխոչընդոտի, ո՛չ էլ մեզ կխաբի ու գնդակի նման այստեղից այնտեղ կուղարկի, արդեն բավական է։ Երեկ ականատես եղանք հրադադարի հերթական խախտմանը։ Բավական է։ Մենք արդեն հոգնել ենք։ Պատերազմը մեզ համար դեռ շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են»,-ասաց զինծառայողի մայրը։
Անդրադառնալով օրերս կորոնավիրուս ունեցող զինծառայողի մահվան դեպքին՝ Արմինե Օհանյանն ասաց․ «Եթե մեր պատկան մարմիններն ունեն տրամաբանություն, ապա կտրամաբանեն՝ եթե երեխան անհետևողականության պատճառով մահացել է կորոնավիրուսից, նրան շրջապատող բոլոր երեխաներն այս պահին կորոնավիրուսով են վարակված։ Նրանց ի՞նչ է սպասվում, քանի՞սն են այս ձմեռը լուսացնելու։ Բավական չէ՞՝ մեր երեխաների կյանքի հետ խաղան»։
Նրա խոսքով՝ տեղեկություններ ունի, որ զինծառայողներին ռուսական համազգեստով անցկացնում են Արցախ։ «Եթե ՀՀ զինվորի համազգեստը հանեք ու ստիպեք ռուսական կամ քաղաքացիական համազգեստ հագնել, ուրեմն՝ օրենք եք խախտում»,-ասաց նա։
Օհանյանը դիմեց նաև Նիկոլ Փաշինյանին՝ ասելով․ «Փրկե՞լ եք, պարոն վարչապետ, փրկեք մինչև վերջ, եթե դա չեք ասում դիվիդենտների համար։ Հրադադարի խախտում եղավ, ի՞նչ ապահովության երաշխիքի մասին է խոսքը։ Երեկվա դեպքերը Ձեր շահած դիվիդենտների մասին չեն խոսում։ Ձեր կողմից անփութության պատճառով երիտասարդի մահ է եղել, որին մայրը սպասում էր, և ում արձակուրդն անընդհատ հետաձգվում էր։ Բայց այսօր նա իր որդուն տեսնելու է դագաղի մեջ․ դա՞ է Ձեր փրկած կյանքը»,-ասաց նա։