Լուկաշենկոն հայտնել է իր և իր երեխաների դեմ մահափորձ նախապատրաստող խմբի ձերբակալության մասին
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մի խումբ մարդիկ են ձերբակալվել, որոնք մահափորձ էին նախապատրաստում իր և իր երեխաների դեմ: Ըստ նրա՝ դրան ներգրավված են եղել ԱՄՆ հատուկ ծառայությունները:
«Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, որ այդ ամենը ծրագրել են... այնուհետև մենք պարզեցինք արտասահմանյան հատուկ ծառայությունների, ամենայն հավանականությամբ՝ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի ակնհայտ աշխատանքը, չգիտեմ՝ ով է այնտեղ ամերիկացիներից աշխատել: Մենք բացահայտել ենք Մինսկում հայտնվելու և արդեն այնտեղ նախագահի ու երեխաների դեմ մահափորձ կազմակերպելու նրանց ցանկությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ձերբակալված անձինք ծրագրում էին «առևանգել իր երեխային, մեկին, երկուսին, ինչպես կստացվեր»:
«Ինձ այլ բան է զարմացնում: Ինչու են ամերիկացիներն իրենց այդպես պահում: Չէ որ նախագահին վերացնելու հրահանգ, հիշեք, ոչ ոք չի կարող տալ, ոչ ոք չի կարող համաձայնություն տալ, բացի բարձրագույն քաղաքական ղեկավարությունից: Միայն նրանք, ոչ մի հատուկ ծառայություններ»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: