Ալբանիայում պատգամավորները քվեարկել են նախագահին պաշտոնանկ անելու օգտին
INTERNATIONAL NEWSԱլբանիայում պատգամավորները քվեարկել են նախագահ Իլիր Մեթային պաշտոնանկ անելու օգտին՝ ընտրություններից առաջ Սահմանադրությունը խախտելու համար:
Պատգամավորները քվեարկել են ժամանակավոր քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, որը եկել է եզրահանգման, որ Մեթան խախտել է ապրիլյան ընտրություններին ընդառաջ Սահմանադրության 16 հոդված, հայտնում է Euronews- ը։
Նա մեղադրվել է ընտրական գործընթացում ազգային միասնությունը չերաշխավորելու և ընդդիմությանը սատարելու համար։
Հանձնաժողովն առաջարկել է հեռացնել Մեթային նախագահի պաշտոնից պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
Ալբանիայի նախագահն իր դեմ սկսված գործընթացը որակել է որպես «անօրինական»: Նա երբեք չի մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին և պնդել է, որ չի ճանաչում խմբի հեղինակությունը։ Նախագահը նշել է, որ քանի որ ապրիլին ընտրված խորհրդարանը դեռևս նիստ չէր գումարել, երբ սոցիալիստները կոչ են արել հետաքննել իր վարքագիծը, հեռացող խորհրդարանն իրավասու չէր հետաքննություն իրականացնել անցումային շրջանում և հավելել, որ նման ձևերով նախաձեռնություններն անընդունելի են ժողովրդավարական հասարակությունների համար։
Նշենք, որ Ալբանիայում նախագահությունն արարողակարգային բնույթ է կրում, սակայն նախագահը որոշակի լիազորություններ ունի դատական համակարգի և զինված ուժերի նկատմամբ։
Այժմ նախագահի պաշտոնանկությանը վերջնական հավանություն պետք է տա Սահմանադրական դատարանը: