Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Յուրահատուկ էր, ընկերասեր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր». սերժանտ Գրիգոր Մուրադխանյանը զոհվել է վիրավոր ընկերներին օգնելիս. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե սկսեմ նկարագրել Գրիգորին, կարող ենք ժամերով խոսել նրա մասին»,-այսպես է տիկին Ռոզան՝ Գրիգորի մայրիկը, արձագանքում իմ՝ որդու մասին պատմելու խնդրանքին:

«Կոկիկ էր, մաքրասեր, օծանելիքն անպակաս էր: Իր տեսակով աշխույժ էր, ընկերասեր, պատրաստ բոլորին օգնել: Դպրոցում շատ լավ է սովորել, գեղեցիկ ձեռագիր ուներ: Այն որպես օրինակ էին բերում մյուս աշակերտներին, անգամ աղջիկներին: Ուսուցիչները միշտ գոհ էին իրենից: Սկզբնական շրջանում շատ էր սիրում մաթեմատիկան, բայց իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Վեց ամիս էր մնացել ավարտելուն, ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց բանակ: Զորացրվելուց հետո մտադիր էր կրթությունը բուհում շարունակել»,«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Գրիգորը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 30-ին: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութի զորամասում: Տիկին Ռոզան ասում է՝ շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբևէ չի դժգոհել, չի տրտնջացել որևէ բանից: «Խորհուրդ էինք տալիս իրեն՝ ուսումդ ավարտի քոլեջում, հետո գնա բանակ: Ուներ այդ հնարավորությունը՝ վեց ամիս հետո՝ ամռանը ծառայության մեկնելու, բայց ինքը չցանկացավ՝ շուտ գնամ, շուտ գամ»:

Պատերազմի մասին ենք խոսելու, բայց նախքան դա զրույցն այսպես ենք շարունակում. «Մեզ երբեք չի ասել, որ դիրքերում է, բայց դե մենք գիտեինք: Իր հետ ծառայող ընկերները միշտ լավն են պատմել: Ասում էին՝ ինչպես առօրյայում էր ամեն ինչ իր տեղում, այնպես էլ Գրիգորն իրեն դիրքերում է դրսևորել: Սերժանտ էր: Երբ արդեն պատերազմ է սկսվել, ուշադրությունն ու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել: Պատմում են, որ միշտ ոգևորել է տղաներին՝ ես ձեր կողքին եմ, միշտ էլ ձեր կողքին եմ մնալու: Պատերազմի օրերին միայն սեպտեմբերի 28-ին չի զանգահարել մեզ: Իսկ ծառայության ժամանակ գեթ մեկ օր չկար, որ տուն զանգած չլիներ, օրեր են եղել, երբ երկու անգամ է զանգահարել»:

Ինչպե՞ս հարցնել զինվորի մայրիկին, թե որդին ոնց է զոհվել: Շատերին թվում է, թե սա հերթական հարցն է դարձել մեզ համար, բայց թերևս երբեք էլ չենք սովորի ու հեշտությամբ այդ հարցը չենք ուղղի ծնողներին: Սովորաբար զրույցի ընթացքում, երբ մեզ թվում է, թե անգամ սեփական ձայնը չենք լսում, հարցնում ենք՝ գիտե՞ք, թե ինչպես ու երբ է զոհվել ձեր տղան: Տիկին Ռոզային ևս այս հարցն եմ ուղղում: «Իր հետ ծառայող տղաներից մեկն է պատմել, այն էլ մի երկու բառով: Մեր տուն եկավ, պատմեց, որ տղաները վիրավորվել են, ինքն ու Գրիգորը նրանց հասցրել են շտապօգնության մեքենայի մոտ: Մեկ էլ նորից ձայն են տվել, տղաներին թողել ու գնացել է էլի ինչ-որ մեկի կյանքը փրկելու: Հենց այդ ժամանակ էլ երկրորդ արկն ընկել է իրենց ուղղությամբ: Գրիգորը հասցրել է իր հրամանատարի ու զինվորների կյանքը փրկել, պատմում էին՝ բոլորի կյանքը փրկել է...»,-ասում է Գրիգորի մայրիկը, ես էլ փաստն եմ արձանագրում՝ ցավոք, իր կյանքի գնով:

Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 1-ին: «Գյուղում բոլորը գիտեին, բայց մեզ չէին ասում: Այգեզարդում միայն տղայիս դեպքն է: Գյուղը սգացել է, բայց մենք չենք իմացել: Ամսի 2-ին մեզ նոր ասել են, երբ տղաս արդեն Արտաշատում էր: Փառք տանք Աստծուն, որ Գրիգորը մեզ շուտ է հասել»,-ասում է մայրիկը, իսկ ես՝ տղաների մասին արդեն մի քանի տասնյակ նյութեր պատրաստածս, դեռ չեմ ընդունում այն իրականությունը, որտեղ մայրը փառք է տալիս Աստծուն, որ որդու մարմինն իրեն շուտ է հասել: Գրիգորը երեք քույրերի կրտսեր եղբայրն է: Անթաքույց ժպիտով, որն իր մեջ այնքան ցավ ունի, ասում եմ՝ վստահաբար, անսահման սիրում են կրտսեր եղբորը, փոքրերին միշտ էլ յուրահատուկ սիրով են սիրում: «Ինքը յուրահատուկ էր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր՝ շրջապատում, դպրոցում, քոլեջում»,-նշում է տիկին Ռոզան, հետո շարունակում. «Առաջին անգամ պետք է դիրքեր բարձրանար, դիրքի ավագ էր, նաև հրաձգային ջոկի հրամանատար: Այնտեղ մատուռ է եղել՝ փոշոտ, անխնամ: Մաքրում է, կարգի բերում, հետո երկրորդ անգամ բարձրանալիս մոմեր է տանում, ինքն ու տղաները մոմ են վառում: Զանգեց հայրիկին՝ պա՛պ, ուզում եմ խաչ սարքել, չգիտեմ՝ փայտից սարքե՞մ, թե՞ երկաթից, մատուռի գագաթին դնեմ: Իսկ հետո արդեն պատերազմ սկսվեց: Ուրբաթ օրը դիրքերից իջել էին, իսկ կիրակի սկսվեց չարաբաստիկ պատերազմը»:

Յուրահատուկ Գրիգորի մասին, ինչպես մայրիկն է ասում, անվերջ կարելի է խոսել. «Բոլորի կողմից սիրված էր, ընկերասեր, ջիգյարով, անվախ, միշտ օգնության հասնող: Եթե մտնեք գյուղ ու հարցնեք իր մասին, բոլորն են ճանաչում՝ մեծից փոքր: Գյուղից դուրս էլ են ճանաչում: Ինքը 18 տարի է ապրել, բայց այնպե՜ս է ապրել… Մարդիկ կարող է 100 տարի ապրեն ու... ոչ մի բան: Շատ մեծ շրջապատ է ունեցել, ընկերություն է արել իրենից ավելի տարիքով մարդկանց հետ, հարգված է եղել: Երբ Գրիգորն արդեն «տանն էր», այնքան մարդ էր եկել, շատերին չէինք էլ ճանաչում: Այնքան մեծ շրջապատ ուներ, մենք անգամ տեղյակ չէինք: Այդպիսի տղա էինք դաստիարակել ու մեծացրել: Մենք չգիտենք էլ, թե իրենք պատերազմի դաշտում ինչեր են արել, միայն Աստված կիմանա: Վերջին տարիներին իր գերեզմանը դարձել է սրբավայր: Նոր տարվա գիշերն այնտեղ են բարձրացել ընկերները, զրուցել, տեսանյութեր դիտել: Տղաներից մեկը պատմել է, որ իր հետ աշխատողներից մի տղա ճանաչել է Գրիգորին, պատմել է, թե ինչպես է կռվել պատերազմի ժամանակ: Չգիտենք, թե ինչեր են արել այնտեղ: Միայն վիրավորների պատմածները, որոնք վերադարձել են պատերազմից, բավական է հասկանալու համար, թե ինչպիսի մարդ ենք մեծացրել հասարակության համար, որ բոլորը հիշեն ու ճանաչեն»:

Ինչպե՞ս հարցնեմ՝ բա՞րդ է առանց Գրիգորի: «Շատ դժվար է, անհնար է: Ժամանակը չի բուժում վերքերն ու ցավը, դա լինելու բան չէ: Նստում ենք և մեկ էլ պահի տակ հիշում իր ամեն խոսքը, շարժումը: Միշտ ասում էր՝ մա՛մ, կապ չունի, թե մարդն ինչքան կապրի, տարիքը կապ չունի հասկացողության հետ, կարևորն այն է, որ մարդը մարդ մնա, մաքուր ապրի ու հիշվի: Միշտ այդ խոսքերն ասում էր: Հենց իր զորամասում էլ հանդիպել էր Կարինեի Նարեկին: Իրենք շատ մոտ ընկերներ էին, եղբայրների պես»,-ասում է Գրիգորի մայրիկը: Իսկ Նարեկ Գինոսյանի մասին պատմել էինք ավելի վաղ, հենց տիկին Կարինեն ինձ փոխանցեց Գրիգորի մայրիկի ու իր որդու ընկերներից ևս մի քանիսի ընտանիքի կոնտակտները՝ Լուսինե՛ ջան, եթե հնարավոր է, իրենց մասին էլ նյութեր պատրաստեք: Իսկ վերջում շնորհակալություն եմ հայտնում զրույցի համար, մի տեսակ նեղսրտում, որ կրկին սպիացող վերքը փորփրեցի... «Մենք ամեն օր այդ ցավի մեջ ենք ապրում»:

Հ. Գ. - Գրիգոր Մուրադխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2021 թ. հունվարի 28-ին Արարատի մարզի հայրենի Այգեզարդ գյուղի Ար. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում բացվել է սերժանտ Գրիգոր Մուրադխանյանի անվան դասարան: Քոլեջում ևս հերոսների անկյուն կա, Գրիգորն այնտեղ ևս «ներկա» է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia