Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«Փաստ» օրաթերթը շարունակում է «Շաբաթօրյա ընթերցումներ» շարքը՝ ներկայացնելով ժամանակակից գրողմերի ստեղծագործություններից: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլ-կաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

ՄԱՐԻԱՄ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ԱՆ­ՄԵՂ ՄԵ­ՂԱ­ՎՈ­ՐԸ

-Մի կողմ քաշվի՛ր, ա՛յ չբեր,- ասում էին ու առաջ անցնում...

Արդեն տասը տարվա հարս էր Վարդուշը։ Խելոք, սիրուն Վարդուշը։ Ճեփ-ճերմակ մաշկ ուներ ու կապույտ, ծով աչքեր։ Մազերը շագանակագույն էին ու գանգուր։ Հյուսքն այնքան հաստ էր, որ նայողին թվում էր, թե քաշելու է, վայր գցի աղջկան։ Սիրուն, կարմրաթուշ Վարդուհին...

Թաղի տղաների աչքը նրա հետևից մնաց, մի առավոտ արթնացան ու իմացան, որ կողքի թաղի Միհրանը փախցրել է աղջկան։ Մի քանի օրից երկու կողմերը համաձայնության եկան, ու Վարդուշը կնքվեց հլու-հնազանդ հարս։ Իբր իր հեզիկությունը քիչ էր, մայրն էլ կողքից էր խրատ տալիս.

- Խելոք հարս կլինե՛ս, աղջի՛, կեսրանցդ պատասխան չտա՛ս, տանդ գաղտնիքը պարանին չփռե՛ս։

Ու Վարդուշը մինչև կյանքի վերջը չդավաճանեց մոր խրատին։

Տարին տարու վրա էր գալիս, ու Միհրանի ընտանիքում երեխա ունենալու հույսը մարում էր։

Միհրանը ինը տարով մեծ էր աղջկանից։ Վարդուշին փախցրեց, երբ տասնհինգը նոր էր լրացել։ Մտածեցին՝ անչափահաս է, կհասունանա ու ամեն ինչ տեղը կընկնի, սակայն տարիներն անցնում էին, ու ոչինչ չէր փոխվում։ Սկզբում, երբ չբեր էին գոռում, աչքերը լցնում էր, փակվում սենյակում այնքան, մինչ ամուսինը ձեն կտար.

-Ի՞նչ էղար, Վարդո՛ւշ, արի սեղան դիր, սովից մեռանք։

Ու Վարդուշը թաց աչքերով դուրս էր գալիս։ Միհրանը մի քանի անգամ քույրերին ու մորը խնդրեց սիրալիր լինել կնոջ նկատմամբ, սակայն զգաց՝ անարդյունք է, դադարեց։ Միակ համարձակ ու կտրուկ խոսքն ասում էր այն ժամանակ, երբ բաժանվելու հարց էր բարձրացվում.

-Ա՛յ բալա, հո անժառանգ չես մնալու,- ողբում էր մայրը։

-Վերջ, էլ չխոսե՛ք, էդ էլ իմ բախտն էր,- բերանները փակում էր Միհրանը։

Անցան տարիներ, բոլորն էլ հոգնեցին ու ձեռք քաշեցին։ Միհրանն ու Վարդուշը միասին ապրեցին տասը տարի։

Միհրանի մահվան լուրը հարևանի տղան բերեց. շնչակտուր ներս վազեց ու ձայնը գլուխը գցեց.

-Վարդուշ մորքո՛ւր, Վարդուշ մորքո՛ւր, Միհրան քեռին գետնին ա ընկած, ձեն եմ տալիս, չի պատասխանում, կարողա՞ մեռել ա։

Վարդուշի աչքերի առաջ սևացավ ու տապալվեց տղայի ոտքերի մոտ։ Խեղճը կանգնել էր ու չգիտեր անելիքը...

Գյուղում սկսեցին բամբասել, թե խեղճ Միհրանի սիրտը չդիմացավ. հե՞շտ է չբերի հետ ապրելը։

Վարդուշը լուռումունջ իր դարդն էր լացում։ Ջահել-ջահել այրի դարձավ։ Ամուսնու քույրերը ամուսնացել, տանից գնացել էին։ Մնացել էին երեքով՝ ինքն ու Միհրանի ծնողները, որոնք վշտից կուչ էին եկել ու վախվորած մտածում էին՝ հարսը չթողնի, հերանց  տուն գնա։

Վարդուշը հերանց չգնաց, մնաց ու հավատարիմ ծառայեց նրանց։ Միհրանի մայրը ամուսնուց շուտ հեռացավ կյանքից։ Մի առավոտ արթնացավ ու ձեն տվեց.

Վարդո՛ւշ, ներսս վառվում է, մի բաժակ ջուր հասցրու։

Ջուրը չհանգցրեց ներսի կրակը, սկեսուրը մի քանի ծանր շունչ արձակեց ու մարեց։

Վարդուշին մնաց իր բաժին վերջին պատիժը, սկեսրայրը, ով տարիների հետ խելքը գցեց ու հարսի արևը փակեց։ Սիրուն Վարդուշից միայն աչքերի գույնն էր մնացել, կապույտ ու ջինջ, բայց տխուր ու անթափանց։ Ճակատագիր ասածը ժառանգություն է, որը մինչև վերջ շալակդ ես առնում ու գնում՝ ուր կտանի։ Վարդուշի բաժին ճակատագիրը շատ էր ծանր, ու կնոջ ուսերն անզոր էին այլևս դիմակայել։ Մի օր էլ լուսացավ առանց Վարդուշի, նա լուռ հեռացավ, ջուր էլ չխնդրեց։

Օրեր անց ողջ գյուղը զարմանքից լալկվել էր։ Բժիշկը, ով մահվան եզրակացությունն էր արձանագրել, բերանից թռցրել էր, որ Վարդուշը կույս էր...

Սիրուն, կարմրաթուշ, օրիորդ Վարդուհին։

 

ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

***

Գիտեմ` ինչից եք այսքան խեղճացել (Հաստատ դեռ շատ են հույսեր մորթվելու...),

Գիտեմ` ինչից եք այսպես համրացել,

Բայց հիշե՛ք, տղե՛րք. ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ…

Ցավն է բույն դրել մեր սրտերից ներս.

Գիտեմ` շատերս չենք դիմանալու

(Գուցե առաջին ընկնողն եմ ես...),

Բայց, մեկ է, գիտեմ՝ ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

 

Ատելությունը հորդում է վարար

(Տե՛ր, հերթը չգա արյուն թափելու)...

Մի օր իսկապես կսիրենք իրար,

Եվ հենց այդ օրը ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

Եվ թող հոխորտան ու կոչեր անեն,

Թող ասեն՝ վաղը ՀԱՅ չի լինելու.

Մշուշն ու մահը մի օր կցրվեն,

Վերջում, կտեսնե՛ք, ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

Թե իրոք հայ ես, չարին չես մերվի

(Չարիքի առաջ սուր ես ճոճելու),

Անհուսությունից սիրտդ չի նեխի,

Քանզի շատ շուտով ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ...

***

Ապառաժներ ընկան՝ լեգենդներից պոկված,

Եվ հսկաներ ընկան մարդուկների զարկից,

Առնետներ են վխտում՝ ծիրանիներ հագած,

Զարմանալով իրենց գերմարդկային թափից:

Ով ինչ կտա, կառնեք, ամոթ ու ցավ չկա,

Որ անամոթ հոգին ձեր խաղաղվի,

Թքած, եթե չունեք մի հավատի վկա,

Որ լոկ իր հավատով նորից խաչվի:

Իսկ ես դեռ հույս ունեմ, վկա Աստված.

Մի տեսակ կա, որին ես պաշտում եմ անզուսպ,

Նրան, որ նկուղում դեռ թուր ունի պահած,

Եվ սնդուկում պահած՝ զորականի հագուստ:

Որ չի հանել մանր կռիվներում,

Երբ հայն հայի կրծքին սուր էր դրել,

Այլ երդվել է հանել ոսոխի դեմ՝ մարտում,

Որ չփորձի նորից մեզ մեզանից խլել:

Այս տեսակի համար գողգոթաներ դեռ կան,

Թե կասկածող դեռ կա, թող որ զգույշ լինի,

Քանզի որձաքար է, ոչ թե ջիլումկան՝

Նրանց ձեռքերի մեջ հալածյալի...

Մենք այս անգամ հաստատ

հեշտությամբ չենք տալու

Մեր հերոսին, որ դուք խաչի ճամփով տանեք,

Մենք սուր գիտենք ճոճել և չենք լալու:

***

Էլի գայլերի ոռնոց է գալիս,

Էլի գառների մայուն է լսվում,

Էլի գառնուկի մեր բախտն ենք լալիս

Հույսի դամբարան հրապարակում...

Էլի իրար ենք պատեպատ տալիս,

«Հերոսի» նման գետին ենք ընկնում,

Երազում դառնալ դրոշը դարիս

Մի պատառ հացի ճակատամարտում...

Մի բաժակ ջրի փոթորիկներից

Մեր պատվի նավն է անդունդը գնում.

Նա՛, որ եկել էր հեռու դարերից,

Մի պոռնիկ թերթի էջին է մեռնում:

Էլ համ չի գալիս հանապազ հացից,

Աղի մասին էլ չեմ ուզում խոսել,

Զզվել եմ անգամ երջանիկ լացից,

Ուզում եմ սրանց խառնվե՜լ, հոսե՜լ:

Բայց հոգիս տեղից պոկվում է ուժով,

Զարկում բերանիս, որ ձայնս կտրեմ,

Չտեսնեմ ո՛չ ցավ, ո՛չ թալան, ո՛չ սով,

Որ իրեն այս մեծ աղետից փրկեմ:

Ասում են՝ լավ չէ թքել, հայհոյել,

Բայց տեղ չմնաց էլ համբերելու.

Դուք վերջում մեռնող հույսն եք գլխատել՝

Միակ պայմանը մարդկանց ապրելու...

Բայց եթե չկա խրամատ պատվի,

Դաշույն հավատի ու երակի գույն,

Ես էլ թույլ չեմ տա, որ արյուն թափվի

Մի պատառ հացի ճակատամարտում...

ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԵՂԲԱՅՐ

Արմեն Հովհաննիսյանի հիշատակին

Գնաս բարով, եղբա՛յր՝ հեռուներն են կանչում,

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում՝

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան:

Գնաս բարով, եղբա՛յր՝ դու քո պարտքը տվիր,

Մեզ թողնելով հավերժ քո արյունի դեմ պարտք՝

Հերոսների կողքին խաղաղությամբ ննջիր՝

Քեզ խնկարկում հավերժ, քեզ խոնարհում ու փառք:

Գնաս բարով, եղբա՛յր, Վահագնացեղ գենի՝

Որդիս քեզնով պիտի իր տեսակը զգա,

Քեզնով պիտի վաղվա Ավարայրում երկնի

Եվ քեզանով պիտի մեր վաղվա օրը գա:

Գնաս բարով, եղբա՛յր՝ քո զորակոչն այլ է,

Մի այլ բանակ այնտեղ քո ճամփան է պահում,

Այնտեղ նաիրական արեգակի փայլն է,

Այնտեղ հայոց փառքի ատրուշանն է վառվում:

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,

Գնաս բարով, եղբա՛յր՝ հեռուներն են կանչում

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում…

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia