Նարեկիս ծնունդը երրորդ կյանքի հնարավորություն է. Նելլի Չարչյան
INTERVIEWԱղետալի երկրաշարժը շատ ընտանիքների ծուխը մարեց, քանդեց տան պատեր, վերացրեց օջախի հյուրընկալ դռներ: Մարդկային կյանքերը դարձան պանելների տակ մահվանը սպասող դատապարտյալներ: Եթե մարդուն տրված է հայտնվել կյանքի ու մահվան խաչմերուկում, ապա կանաչ լույս կվառվի ու կյանքը կփախցնի քեզ մահվան ճիրաններից ` տալով ապրելու երկրորդ հնարավորություն:
Past.am-ի զրուցակիցն է Սպիտակի Նալբանդ գյուղում ծնված ԱԻՆ աշխատակից, «Փարոս» ներառական երգչախմբի երգչուհի Նելլի Չարչյանը, ով սայլակի վրա է երկրաշարժի հետևանքով:
Սպիտակի Նալբանդ գյուղում եմ ծնվել ու ավելի երկար տարիներ ապրում եմ սայլակի վրա , քան քայլելով եմ ապրել :14 տարեկան էի , որ երկրաշարժն եղավ : Մինչև դեկտեմբերի 7- ը ամեն օր մղձավանջային երազներ էի տեսնում , չէի ուզում դպրոց գնայի : Այդ օրն էլ հայրս ստիպողաբար դպրոց ուղարկեց , ուշացած լացած գնացի : Պատմության դասն էր ու րոպեներ հետո ամեն ինչը փլատակ էր : Դպրոցը հավասարվել էր հողին :
Հայրս ինձ գտել էր երկու ժամ հետո , կողքիս աղջիկը խոսում էր , շարժվում ու աչքերը բաց մահացավ : Վախից սարսափած , անմարդկային ցավերի մեջ ինձ տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց : Առանց անզգայացնելու , տեղային ներարկումներով վիրահատել : Հետո Երևան տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց ու նորից վիրահատությունների շարք ` կոտրվել էր գլուխս , ողնաշարս ձախ ձեռքս : Կյանքիս չափ շնորհակալ եմ բժիշկ Դավիթ Պատրիկյանին ինձ ապրեցնելու համար : Ողնաշարիս մեջ երկաթներ էին տեղադրել հայկական համայնքի ջանքերով արդեն 15 տարեկանում ինձ տեղափոխեցին ԱՄՆ ` բուժումը շարունակելու : Վեց ամիս մնացել եմ հիվանդանոցում :
Ընտանիքս վատ պայմաններից ելնելով հեռացավ ՌԴ ապրելու : Ես չէի ցանկանում , բայց քանի որ անչափահաս էի նորից իմ կամքին հակառակ հետևեցի նրանց : 16 տարեկանում ոտքիս վիրահատության համար նորից Հայաստան եկա ` ինձ մոտ գանգրենա էր սկսվել , անդամահատեցին ոտքիս մատներից մեկը:
Որոշեցի հետ չեմ գնալու Ռուսաստան: Գնացի հայրենի գյուղ: Ինձ գերմանական Կարմիր խաչը տնակ էր հատկացրել, որը տվյալ պահի գյուղապետը առանց ինձ տեղյակ պահելու տվել էր, կամ վաճառել էր ուրիշի: Արդեն չափահաս էի ու կապի միջոցով իմացա , որ «Փարոս»-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը փնտրում է ինձ:
Սկսեցի երգել Երգչախմբում , օգնեց նաև կեցության հարցում , միաժամանակ աշխատանք գտա ԱԻՆ-ում: Սոցցանցի միջոցով ծանոթացել եմ Նարեկիս հոր հետ, կարճ ժամանակ հանդիպելուց հետո հեռացավ մեզնից:
Ծնվեց Նարեկս, որդիս արդեն վեց տարեկան է:
Թեև մենակ եմ մեծացրել, սակայն շնորհակալ եմ Աստծուն, անմարդկային ցավեր ապրելուց հետո որդիս պարգև է ինձ` երրորդ հնարավորություն ապրելու համար: